News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ես ազգային անվտանգության ծառայությունից ծանուցում չեմ ստացել, չեմ ձերբակալվել, տարածված լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը՝ անդրադառնալով ՊՎԾ 4 աշխատակիցների ձերբակալման լուրին:

«Ես իմ համար գիշերը տանը քնած եմ եղել, զգացել եմ, որ շատ են ինձ զանգահարում եւ ես վերցրել եմ, բոլորին ասել եմ, որ տանը քնած եմ եւ վաղը աշխատանքի եմ գնալու»,–նշեց Ադյանը։

Ինչ վերաբերում է իր եղբոր՝  Սամվել Ադյանի ձերբակալությանը, նա նշեց, որ ՊՎԾ–ն հայտարարությամբ հանդես կգա, թե ինչ կարգավիճակում է նա. «Իմ եղբոր հետ կապված հարցերը խնդրում եմ ուղղել ՊՎԾ–ին, նա իմ հարազատ եղբայրը չէ, հորեղբոր տղան է, որը եւս պետական վերահսկողական մարմնում երկար տարիների փորձ ունի, նրա մասին պարզաբանումները կտա ՊՎԾ–ն»։

Ադյանի խոսքով՝ ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման լուրը փորձում են կապել ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրությունների հետ, որ ցույց տային, թե «տեսեք ինչ որակի մարդիկ են իրականացրել ուսումնասիրությունները»։

Ադյանը հավաստիացրեց՝ չէր կարող անտարբեր մնալ, քանի որ ապատեղեկատվությունը մարդիկ փորձում են օգտագործել ոչ թե ի օգուտ ԵՊՀ–ի, այլ Արամ Սիմոնյանին պաշտպանելու համար եւ դա է պատճառը, որ եկել է ԵՊՀ, որտեղ բողոքի ցույց է անցկացվում։

Իսկ ապատեղեկատվությունը տարածած լրատվամիջոցի մասով նա ասաց, որ պատճառը շահերի բախումն է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին. հայտնում է Analitik.am-ը։

Օրեր առաջ նույն կայքը հրապարակում էր արել, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի եւ ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Նշենք, որ մինչ այս պահը ՊՎԾ-ն որեւէ պարզաբանում չի ներկայացրել իր աշխատակիցների ձերբակալման լուրի վերաբերյալ: Ավելին, ՊՎԾ մամուլի խոսնակը հայտարարել է, որ որեւէ տեղեկություն չունի, եւ խորհուրդ է տվել այդ հարցերով դիմել ԱԱԾ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ