Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքը, Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 հասեցում գտնվող շենքերը 5-օրյա ժամկետում լքելու մասին լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումը իշխանափոխությունից հետո մամուլի դեմ սկսված արշավի շրջանակներում հերթական քայլն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ այդ քայլը ապօրինի է. «Այս քայլով ոտնահարվել եւ խախտվել է Երեւանի ավագանու որոշումը, որով այդ տարածքները անհատույց հատկացվել են լրատվամիջոցներին։ Քաղաքապետը կամ վարչության պետը չէին կարող նման ծանուցումներ ուղարկել լրատվամիջոցներին»։
Սաթիկ Սեյրանյանը շեշտեց՝ լրատվամիջոցները խոսքի ազատությունը նվաճել են իրենք իրենց ամենօրյա աշխատանքով. «Մենք հարգանք ենք պահանջում, իսկ վերջնագրերով խոսելու ոճը չի կարող որեւէ լավ բանի հանգեցնել։ Սա այն նույն ձեռագիրն է, որ գործող իշխանությունները որդեգրել են քննադատական խոսքի նկատմամբ»։
Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահը նկատեց նաեւ՝ լրատվամիջոցները, որոնք այդ ծանուցումները ստացել են, հիմնականում իշխանություններին քննադատողներն են. «Սա քայլ է, որով ասում են լրատվամիջոցներին՝ իշխանական դաշտ եկեք կամ դադարեցրեք գործելը»։
Նա վստահ է նաեւ՝ այդ որոշումը Հայկ Մարության անձի որոշումը չէ. «Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ։ Ո՞վ է Հայկ Մարությանը, սա վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»։
Հիշեցնենք, որ Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքում եւ Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 հասեցում տեղակայված լրատվամիջոցները գրություն են ստացել Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ), որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ազատեն պետության կողմից իրենց տրվող անհատույց տարածքները:
Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ) խմբագրություններին տեղյակ են պահել, որ տարածքները վաճառելու համար էլեկտրոնային աճուրդ է անցկացվելու։ Խմբագրությունները նույնպես կարող են մասնակցել իրենց տարածքների աճուրդներին։











