News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում ավարտվում է ռուսաստանցի գործարարի հանդեպ աղմկալի դատավարությունը, ում մեղադրում են ապօրինի գործարարության եւ փողերի լվացման մեջ՝ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու ճանապարհով։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ռուսաստանի քաղաքացի Սալեհ Ռուստամովը Մոսկվայում զբաղվում էր մանր առեւտրով, գնում էր ոչ թանկ կոշիկ խանութների համար։ Անցած տարվա մայիսի 5-ին նա վերադառնում է Ադրբեջան, հայրենի Գեդաբեկի շրջան, հարազատի թաղմանը մասնակցելու։ Երեք օր անց օդանավակայանի ճանապարհին նրան կալանում է ոստիկանությունը. այդ նույն օրը նրան մեղադրում են թմրանյութեր պահելու մեջ։

Ավելի ուշ սրան գումարվում են այլ մեղադրանքներ. քննության վարկածով Ռուստամովը, ապրելով Ռուսաստանում, փորձել է թաքցնել իր եկամուտները, զբաղվել է ապօրինի գործարարությամբ եւ ստացված անլեգալ փողերը փոխանցել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցությանը, որը դատախազությունն անվանում է «կառույց, որը չի գրանցվել արդարադատության նախարարությունում»։ Գումարի ընդհանուր չափը 2016 թվականի մարտից 30 հազար դոլար է։

Ռուստամովի պաշտպաններին եւ անկախ իրավաբաններին այս գործում զարմացնում է մի քանի բան. նախ՝ Ռուսաստանի քաղաքացուն դատում են ադրբեջանական օրենքներով մի հանցագործության համար, որը կատարվել է Ռուսաստանում։ Երկրորդ՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը գրանցված է երկրի արդարադատության նախարարությունում 1995-ից եւ մինչ օրս որպես այդպիսին նշվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Սալեհ Ռուստամովը 1992-1993 թվականներին եղել է Գեդաբեկի շրջանի վարչական ղեկավարը։ Այն ժամանակ  իշխանությունում Ժողովրդական ճակատն էր, որը հետագայում բաժանվեց Ադրբեջանի ԺՃ կուսակցության եւ «Մուսավաթ» կուսակցության։ Այն բանից հետո, երբ 1993-ին երկիրը նորից ղեկավարեց Հեյդար Ալիեւը, նրանք ընդդիմություն անցան։ 1993 թվականի հունիսի 15-ին, այն օրը, երբ իշխանությունը փաստացի Ժողովրդական ճակատից անցավ Ալիեւին, այժմ անվանում են Ազգային փրկության օր, այն պետական տոն է։ Այսօր ԱԺՃ կուսակցության 15 անդամ բանտում է, իրավապաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարում։ Նրանց ընտանիքներին էլ, ինչպես պնդում է պաշտպանությունը, օգնել է Ռուստամովը, ով 1995-ին Ադրբեջանից հեռացել էր Ռուսաստան եւ ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում նրա պաշտպանյալը նվիրաբերել է 5-6 հազար դոլար։ ԱԺՃ կուսակցության անդամ Ռամիզ Քյամալի խոսքով (գործով վկա)՝ հավաքված միջոցներով գնում են մթերքներ եւ առաջին անհրաժեշտության իրեր բանտարկյալների համար՝ գուլպաներ, ածելիներ եւ այլն։

«Նրանցից ե՛ւ բարոյական աջակցություն կա, ե՛ւ նյութական։ Պատահում է, որ տոներին ընտանիքների մոտ են գալիս,- ասում է Զաֆար Ահմեդովը՝ բանտում գտնվող ԱԺՃԿ անդամներից մեկի հայրը։- Կան եւ սովորական բանտարկյալներ, եւ նրանք, ովքեր վարչական կալանքի տակ են, բոլորին փաստաբաններ են պետք, իսկ դա նույնպես էժան չէ։ Առողջական խնդիրներ ունեն թե՛ ընտանիքի անդամները, թե՛ իրենք՝ բանտարկյալները, այդ ամենի համար մեծ փողեր են պետք»։

Ամբաստանյալների աթոռին  ընդամենը հինգ մարդ է՝ Սալեհը, նրա զարմիկ Վիդադի Ռուստամլին, որի միջոցով, ինչպես պնդում է քննությունը, Սալեհը փող է փոխանցել, եւ ԱԺՃԿ էլի երեք անդամ, որոնք զբաղվել են Ադրբեջանում միջոցներ հավաքելով։ Գործով անցնող երկու մարդու, այդ թվում եւ Վիդադիի համար դատախազը խնդրել է երեքուկես տարի պայմանական, երկուսի համար՝ յոթ տարի եւ վեց ամիս։ Ռուստամովին դատախազները խնդրում են նշանակել ութ տարի։ «Եթե նա ապօրինի զբաղվել է գործարարությամբ Ռուսաստանում, ապա Ռուսաստանն էլ պետք է քրեական գործ հարուցի,- նշում է փաստաբան Բահրուզ Բայրամովը։- Այո, ես դա սսել եմ դատարանում եւ նորից կասեմ։ Դատարանը դրան ոչ մի կերպ չի արձագանքում, եւ դատախազությունը նույնպես»։ Նրա խոսքով՝ Ռուստամովը գործարարությամբ զբաղվել է լեգալ եւ օրինապահ վճարել է հարկերը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքները նա նույնպես ժխտում է։

Ընդ որում՝ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբաստանյալների դեմ ապացույցները հաստատվում են իրենց իսկ ցուցմունքներով: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ խոստովանական ցուցմունքները տվել են խոշտանգումների ազդեցությամբ:

Նրանցից երկուսը հայտնել են, որ իրենց էլեկտրահարել են՝ բթամատներին ամրացնելով էլեկտրոդներ: Ռուստամովը եւ նրա զարմիկ Վիդադին մանրամասներ չեն ներկայացրել՝ ասելով, թե չեն ցանկանում, որ դատարանի դահլիճում ներկա գտնվող ազգականներն այդ մասին լսեն: Վիդադիի խոսքով՝ իրեն այնպես էին խփում, որ ինքը «ինչ ասես կխոստովաներ՝ ներառյալ ԱՄՆ նախագահի սպանությունը»:

Փաստաբաններից մեկի հայտարարությամբ՝ դատախազությունը քննություն է անցկացրել եւ հանգել այն եզրակացության, որ խոշտանգումներ չեն եղել: Ադրբեջանական բոլոր դատարաններում նույնպես հայցը չի բավարարվել, նոյեմբերից գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Դատարան է ուղարկվել ամբաստանյալներից եւս մեկի համանման գործով հայցը, փաստաբանի խոսքով՝ Ռուստամովը եւ նրա զարմիկը իրենց հայտարարությունները հետ են վերցրել ոստիկանության ճնշմամբ:

Ներքին գործերի նախարարությունում այս մեղադրանքները երեւակայական եւ ոստիկանության աշխատակիցների դեմ զրպարտություն են անվանել: «Խոշտանգումները, որոնց մասին նրանք խոսում են, անհնար են,- հայտարարել է ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը: - Նրանք խոշտանգումների մասին են խոսում, որպեսզի իրենց արդարացնեն»: Գլխավոր դատախազությունում հրաժարվել են մեկնաբանություններ կատարել:

Չնայած ամբաստանյալներին դատում են տնտեսական հանցագործությունների համար, դատախազության հայտարարության մեջ ուշադրությունը կենտրոնացվում է այն հանգամանքի վրա, որ փողը փոխանցվել է հենց ԱԺՃԿ-ին: Այնտեղ կուսակցության գործունեությունը որակված է «պետությանը, պետականությանը եւ ազգային շահերին հակասող»:

«Մեզ համար Ռուստամովի գործը միանշանակ քաղաքական է,- ասում է քաղբանտարկյալների ցուցակները կազմող իրավապաշտպանների աշխատանքային խմբի անդամ Ռասուլ Ջաֆարովը:- Ի թիվս այլոց, դա է մատնանշում խոշտանգումների հետաքննության բացակայությունը»: Նրա կարծիքով՝ քրեական գործի նպատակն է կուսակցության ցանկացած ֆինանսավորման դադարեցումը: «Սա ուղերձ է մնացյալ բոլոր կուսակցություններին եւ նրանց, ովքեր հանկարծ կցանկանան նրանց փող տալ»,- հավելում է Ջաֆարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ