News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ցանկությունը, որ ես հեռանամ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, առաջին հերթին առաջացել է Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ու, կարծում եմ, նաեւ իր խորհրդականի՝ Սամվել Կարաբեկյանի մոտ, որոնք մեր համալսարանականներն են եւ, որոնց դուր չի եկել ժամանակին իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, երեւի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, իրենց միջեւ քաղաքավարության սահմաններից դուրս որեւէ խոսակցություն չի եղել։

Ինչ վերաբերում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը, Արամ Սիմոնյանն ասաց. «Կուզենայի, որ այսօր, այնուամենայնիվ, քննարկում լիներ, սակայն համաձայն եմ, որ իրավական դաշտի տեսանկյունից առաջ քաշված հարցը միանգամայն կամայականություն է, որովհետեւ չունի ոչ մի լուրջ հիմնավորում։

Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ ու իմ ժամկետին դեռ 1 տարի կա։ Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող։ Ինչքան էլ ասեն, որ նախորդ Հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, հալածում էր եւ այլն, դա ինձ համար բացարձակ հեռու է ճշմարտությունից։ Ես ձեզ կարող եմ վստահորեն ասել, որ Հոգաբարձուների բոլոր խորհուրդների ժամանակ, միշտ էլ բարձրացվել են հարցեր, միշտ էլ տեղի են ունեցել ելույթներ ու նաեւ՝ քննադատական ելույթներ համալսարանի ղեկավարության հասցեին: Ես որեւէ ճնշում, անազատ վերաբերմունք հոգաբարձուների խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ չեմ տեսել եւ հիմա էլ չեմ տեսնում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Մուրադյանը իրեն շատ կոռեկտ, քաղաքավարի եւ բանիմաց է դրսեւորում: Այսօր էլ Հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի կողմից էլ ես չեմ լսել որեւէ թթու խոսք»,-հայտարարեց ռեկտորը:

Նա հայտարարեց, որ ամեն դեպքում իր հրաժարականի պահանջի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ. «Այո′, այստեղ կա նաեւ քաղաքական խնդիր։ Չեմ թաքցրել ու հիմա էլ չեմ թաքցնում՝ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ 1997թ. սկզբից, երբ Անդրանիկ Մարգարյանը դեռ նոր էր ընտրվում, երբ այդ կուսակցությունը դեռ փոքրաթիվ էր։ Ընդունվել եմ այդ կուսակցության շարքերը, որովհետեւ ոչ թե երազում էի կարիերայի մասին, այլ որովհետեւ ես ունեմ գաղափարական հստակ մոտեցումներ՝ Նժդեհի ազգային-պահպանողական գաղափարների կողմնակիցն ու ջատագովն եմ:

Կուսակցական եմ եղել եւ այսօր էլ կուսակցական եմ, բայց ես երբեք համալսարանականի իմ դերակատարումը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ։ Ոչ ոք ինձ դրանում չի կարող համոզել եւ ապացուցել։ Ես միշտ եղել եմ ու կլինեմ այն համոզման, որ ԵՊՀ-ն կուսակցական քարոզության, կուսակցական խաղերի եւ կուսակցական գործունեության տեղ չի ու չի կարող լինել ոչ մի կրթական հաստատություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ