Կրեմլը կվերլուծի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, բայց հիմա արդեն կարելի է փաստել, որ կողմերը ճկունություն չեն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ տպավորություն է ստեղծվում, թե նախկինի պես չի աշխատում ոչ մեծ փոխադարձ, ընդառաջող քայլերի գործելակերպը»,- ասել է նա։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ կողմերն ունեն «միմյանց հանդեպ չափազանցված պահանջներ», ինչը դժվարացնում է բանակցությունների ընթացքը։
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի ունեցավ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին։ Կողմերը չկարողացան պայմանավորվել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում, բայց Դոնալդ Թրամփը դրական է գնահատել բանակցությունները։ Նրա խոսքով՝ ինքը եւ Կիմ Չեն Ընը առաջընթացի են հասել եւ ջերմ հարաբերություններ պահպանել։