Մենք չենք փոշմանել մեր արածի համար եւ պատրաստ ենք կրել դրա համար պատասխանատվություն: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին մի քանի հոգով ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա հարձակմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն մի քանի ամիս է, որ տարբեր մարդիկ, ֆեյքեր ամեն ինչ անում են, որ «Ռեստարտի» անդամներին հունից հանեն, կպնեն մեր ամենանուրբ տեղերին, մեր արժանապատվությանը, մեր ընտանիքների անդամներին:
Մենք ոչ թե աշխատում ենք հանրային ընկալման համար, եւ PR անենք մեր գործողությունները, որ ասեն՝ լավ է, մենքնախեւառաջ պատասխանատու ենք մեր խղճի եւ ինքնասիրության առջեւ:
Մենք Նարեկ Մալյանին մենք երբեք ոչ մի հայհոյանք չենք տվել, բռնության չենք ենթարկել եւ չենք ենթարկելու: Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ բռնությունը Հայաստանում երբեք չի ընդունվելու: Մենք նշել ենք, որ գործողությունն իրականացնելուց հետո, աղբն իր տեղում տեղադրելուց հետո գնալու ենք ոստիկանություն, բայց ոստիկանությունն ավելի շուտ եկավ: Մենք թույլ չենք տալու, որ այս հարցը դարձնեն քաղաքական, որքան էլ ցանկանան:
Մարդիկ մտածում են, որ մենք իրենց ջրաղացին ջուր ենք լցնում, իրենց PR-ին տրվում ենք: Ոչ, մենք չենք տրվել այդ սադրանքին, մենք իրեն մատով չենք կպել:
Մենք պատրաստ ենք ամենակոշտ ձեւով ամբողջ պատասխանատվությունը կրել: Եթե դրանով մենք կկարողանանք Հայաստանում դրական մթնոլորտին աջակցել, մենք դրա համար ուրախ կլինենք»:
Դավիթ Պետրոսյանի խոսքով, «Ռեստարտ» նախաձեռնությունում կան հարյուրավոր անդամներ, իսկ այս գործողությանը մասնակցել են «Ռեստարտի» 6 տղաներ. «Մեր համագումարը կքննարկի, թե արդյոք այդ 6 տղաների «Ռեստարտում» մնալը կառույցի գործունեության համար նպատակահարմար է, թե ոչ: Իսկ մեր գործողությունների համար մենք ընդհանրապես չենք փոշմանել: Մեր խիղճը շատ հանգիստ է, չենք մտածում, որ ինչ-որ բան սխալ ենք արել:
Մենք վստահում ենք վարչապետին, ոստիկանական համակարգին, պայքարել ենք հենց այսպիսի ոստիկանական համակարգ ունենալու համար:
Մենք պայքարել ենք ազատ, արդար, մարդակենտրոն Հայաստանում ապրելու համար եւ եթե մենք խախտել ենք այդ կանոններն ու սկզբունքները, մենք պատրաստ ենք դրա համար կրել պատասխանատվություն»,-ասաց նա՝ հավելելով, որ«Ռեստարտի» այդ 6 տղաները բոլորը բանակում ծառայել են, նույնիսկ կամավորական ջոկատներում են եղել ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ավելի ուշ Դավիթ Պետրոսյանը հրապարակել է տեղի ունեցածի մասին տեսանյութը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կեսգիշերին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Նա նաեւ հայտարարել է, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:
Ավելի ուշ՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:
Կատարվածին անդրադարձել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ Մալյանի դեմ հարձակումը քրեական օրենսգրքով արգելված արարք։
«Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ եւ օրենքի սահմաններում խիստ։
Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի»,–գրել է նա։











