Մարտի 5-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է (ֆոտոռեպորտաժ

Այսօր նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակն են հարգում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք։  

Հիշեցնենք, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց  պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից:

Կատարողները ցմահ դատապարտվեցին:

1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Վ.Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակ ձեռք բերելու գործում։ 1991թ. նշանակվելով Հայաստանի պաշտպանության նախարար` նա մեծ ավանդ է ունեցել Հայաստանի պետական շինարարության, ազգային բանակի ստեղծման գործում:

Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝  ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ: