News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Լավ կառավարման» համագործակցության շրջանակում:

Ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ամրապնդել դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը եւ արդարադատության մատչելիությունը, ինչպես նաեւ Հայաստանում ամրապնդել արբիտրաժի եւ հաշտարարության կիրառումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների եւ հանձնարարականների համապատասխան:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին միջոցառման համար եւ նշել, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թեւակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: «Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որեւէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ այնումենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ եւ համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին եւ արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը:

Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, այդպիսի բարեփոխումների իրականացմանն ուղղված հայեցակարգն այժմ լրամշակվում է Արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից: Խոսքը վերաբերում է 2019-2024 թվականների Դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծին, որը  ներառելու է միջոցառումներ դատարանների մատչելիության եւ արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար:

Այս համատեքստում նախարար Զեյնալյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներն արդեն իսկ գնահատել են Դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագիծը` վերլուծելով Ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաեւ Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության Գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին: «Մեծապես կարեւորելով մեր գործընկերների կողմից իրականացված աշխատանքը՝ վստահ եմ, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրում»,- ասել է արդարադատության նախարարը եւ անդրադարձել նախորդ տարվա դեկտեմբերին ավարտված Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրին ու դրա իրականացման ընթացքում արձանագրված մի շարք ձեռքբերումներին:

«Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, լինելով մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցող կարեւորագույն գործընկերներից մեկը, շարունակում է իր օժանդակությունը ցուցաբերել դատական եւ իրավական բարեփոխումների իրագործմանը: Այդ մասին է վկայում այսօր մեկնարկող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» նոր ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում դատարանների անկախության, թափանցիկության եւ հաշվետվողականության ամրապնդմանը, դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:

Ծրագրի մեկնարկին մասնակցել են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը,  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:

Տպել
Ամենաշատ