News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիա։ Նախօրեին նա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է եվրախորհրդարանականների հարցերին։ Վարչապետը հիշեցրել է՝ սեպտեմբերին Հայաստանի խորհրդարանում ինքն աննախադեպ հայտարարություն է արել՝ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար՝ հույսով, որ նմանատիպ հայտարարություն կհնչի նաև Ադրբեջանից, սակայն Ալիևն այդ հույսերը չի արդարացրել։

Փաշինյանը Բրյուսելում անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, խոսել նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերից և դատական մարմինների անկախությունից։

«Անկեղծ ասած՝ ես այնքան էլ վստահ չեմ, որ դատարանները Հայաստանում հիմա անկախ են, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա»,– ասել է նա։

Ավելի ուշ, Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ վերջին շփումներով ու ողջունում եմ լարվածության նվազումը: Եվրամիությունը շարունակում է կարծել, որ ստատուս քվոն անկայուն է, հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ քաղաքական արագ կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Խաղաղությանը բնակչության նախապատրաստումը դեպի կարգավորում կարեւոր քայլ է, որը մենք պատրաստ ենք աջակցել»,– ասել է Տուսկը։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին ասել է, որ Տուսկի հետ քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցը՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ են սպասում մոտ ժամանակում ԵՄ անխոչընդոտ մուտք գործելու հնարավորությանը:

Ավելի վաղ Փաշինյանը ճաշել էր Բելգիայի հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Այս օրերին Բրյուսելում է նաև Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ։ Վարչապետի տիկնոջ այս ուղևորությունը նույնպես մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Բրյուսելի փողոցներից մեկում հայ լրագրողները պատահաբար հանդիպել են նրան, սակայն հարցեր չեն տվել։ Փոխարենը՝ Աննա Հակոբյանի՝ Բրյուսելում գտնվելու մասին հաղորդել են Հայաստանում գտնվող լրագրողները։ Աննա Հակոբյանն այս մասին գրառում է արել ֆեյսբուքում՝ նշելով. «Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին: Նրանցից որեւէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես եւ ինչ ենք արել օրվա ընթացքում եւ ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երեւանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգի»։

Վերջին երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Այս մասին նախօրեին տեղեկացրեց Tert.am-ը։ Կայքը գրավոր հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն, թե 2019-ի հունվարի 1-ից փետրվարի 20-ը քանի զոհ է գրանցվել զինված ուժերում։ Դատախազությունից պատասխանել են, որ նշված ժամանակահատվածում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, 4  մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ որոնցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, և 2-ը՝ ավտովթարի հետևանքով։ Կայքը նշում է, որ վերջին չորս դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն չի արվել։

Ինչու է ՊՆ-ն թաքցրել զինծառայողների մահը, Պաշտպանության նախարարին այսօր հարցրել են լրագրողները։ Դավիթ Տոնոյանն արձագանքել է՝ ոչ թե թաքցրել են, այլ չեն հայտնել։

Մարտի 5-ը Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան։ Ավանդույթի համաձայն՝ այսօր մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակն են հարգել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Միջոցառմանը ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, Կաթողիկոսը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այստեղ էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Արտակարգ դեպք է գրանցվել Հայաստանի մարզերից մեկում. 10-ամյա աղջնակի մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի, ոստիկանությունն այս մասին ահազանգ է ստացել Երեւանի Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկական կենտրոնից։

Աշխարհում գրանցվել է երկրորդ դեպքը, երբ հիվանդին հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ից: Անգլիացուն, որի անունը չի նշվում, դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել դեռ 2016 թվականին։ Վերջին հետզոտությամբ՝ նրա օրգանիզմում վարակված բջիջներ չեն հայտնաբերվել, ինչը վկայում է ՄԻԱՎ-ից լիովին ապաքինվելու մասին: ՄԻԱՎ առաջին վարակակիրը բուժվել էր 12 տարի առաջ։ Նրան նույնպես ոսկրածուծի փոխպատվաստում էին արել:

Մարտի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1-3, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան։

Երկար վերելքից հետո դոլարն աննշան արժեզրկվել է. էժանացել է նաեւ եվրոն։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 490.60, Եվրոյինը՝ 555, բրիտանական ֆունտինը՝  646, ռուսական ռուբլունը՝  7.46 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ