News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկան Գարիկ Մաթևոսյանն այսօրվա՝ մարտի 6–ի դատական նիստում առարկեց, որ խմբի 10 ադամների նկատմամբ համաներում կիրառվի:

Մաթևոսյանը, որն այս գործով ունի տուժողի կարգավիճակ, դատարանին հայտնեց, որ աշխատում է ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում:

Նա պատմեց, որ դեպքի օրը՝ 2016 հուլիսի 16-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում. «Գիշերը մոտավորապես 3-ի կողմերը «Արեգ» բազայի կողմից օգնության կանչ ստացա։ Ինձ հետ նույն վայրում ծառայություն իրականացնող Վլադիմիր Նիկողոսյանի հետ իմ մեքենայով մոտեցանք «Արեգ» բազա՝ ՊՊԾ գունդ: Մոտավորապես 10-15 մետր կար, որ հասնեինք ՊՊԾ գնդի դարպասին, երբ նկատեցինք  «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան, որը հարվածել էր դարպասին: Իմ առջևում կանգնած էր մեր ոստիկաններից Դավիթը, իմ մեքենայով ես կանգնել եմ Դավիթի մեքենայի հետևը. այդ ընթացքում նկատեցինք մի տարեց մարդու սպիտակ մորուքով (խոսքը, ըստ ամենայնի, Մարտիրոս Հակոբյանի մասին է,-խմբ.), որը ավտոմատները դրած դեպի մեր ուղղությամբ կրակում էր, բայց օդ էր գնում»,–պատմեց նա։

Տուժողը հայտնեց, որ կրակոցներ են արձակվել նաև Սարի թաղում գտնվող «Օջախ» խանութի տիրոջ տան ուղղությամբ։

«Կրակոցների հետևանքով Դավիթը մեքենան հետ տվեց և վնասեց իմ մեքենան, այդ ընթացքում փորձեցինք դուրս գալ մեքենայից և թաքնվեցինք իմ մեքենայի հետևում, որից հետո հետ ենք գնացել Սարի թաղի մոստի կողմը, փորձել մտնել գունդ, որպեսզի զինվենք և հասկանանք՝ ինչ է կատարվում, որ պաշտպանենք մեր ընկերներին մեր աշխատավայրը»,- իր ցուցմունքում ասաց Մաթևոսյանը:

Նա ասաց, որ ՊՊԾ գունդ են մտել գնդի երկրորդ մուտքով, և երբ երկու այլ ոստիկանների հետ  հասել են 3-րդ հատուկ գումարտակի մուտքի մոտ, ՊՊԾ գնդի խաչքարի կողմից իրենց ուղղությամբ կրակոցներ և սեռական հայհոյանքներ են հնչել: Դրանից հետո փորձել են հետ փախուստի դիմել։

«Հետո բարձրացա 2-րդ հարկ, այնտեղ ինձ դիմավորեցին Արայիկ Խանդոյանը և խմբի այլ անդամներ: Ես փորձեցի պաշտպանվել, Արայիկ Խանդոյանը ասաց՝ չենք եկել սպանենք, ավելի լավ ա հանձնվես, թե չէ անմեղ զոհ կլինես, կսպանեն: Իրենց տղաներից էլի շատ մարդիկ կային, չեմ հիշում՝ ովքեր էին, Արայիկ Խանդոյանը ինձ գրկեց, տղաներին ասաց՝ չկրակեք, հանձնվել ա: Ինձ բերել են ձախ կողմի վրա գտնվող սենյակ, հանեցին ժիլետս, վերցրեցին հեռախոսս և իջեցրին ներքև՝ հերթապահ մաս: Այդ ընթացքում իրենց խոսակցություններից ես հասկացա, որ իրենք կռված մարդիկ են»,- պատմեց նա:

Գարիկ Մաթևոսյանն ասաց, որ խմբի անդամները հորդորել են միանալ իրենց, պահանջում էին Ժիրայր Սեֆիլյանի ազատումը, նախագահի հրաժարականը:

«Ասում էի՝ ձեր պահանջը ներկայացրեք համապատասխան մարդկանց ոչ թե մեզ, մեզ հետ կապված ի՞նչ կա, որ նման ձևով եք վերաբերում: Երբ ինձ իջացրին ներքև զինված խմբի անդամները ավտոմատները պահել էին ինձ վրա և ասում էին՝ միացի մեզ, ես պատասխանեցի, որ ես ոստիկանության աշխատող եմ, ես իմ աշխատանքն եմ կատարում և ձեզ հետ չեմ և երբևիցե չեմ էլ միանա ձեզ: Այնուհետև մեզ իջեցրին ԿՊՊ (հսկիչ անցագրային կետ– խմբ.): Այնտեղ տեսել եմ Տիգրանին, որը ուսից վնասվածք էր ստացել գետնին նետվելու պատճառով»,–պատմեց տուժողը՝ հավելելով, որ թույլ չի տվել խմբի անդամներին ձեռնաշղթա հագցնեն իրեն։

Նա նաև նշեց, որ իր հորդորով խմբի անդամներն ազատ արձակեն այն երկու ոստիկաններին, որոնց ամրակներ էին հագցրել ձեռքներին, և որոնք ինքն է արձակել։

Տուժողը պատմեց, որ լուսադեմի նույն սենյակ են ուղեկցել Վալերի Օսիպյանին (ներկայումս ՀՀ ոստիկանապետ– խմբ.) և Վարդան Եղիազարյանին (նախկին փոխոստիկանապետ–հեղ): Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ 7 օր գտնվել է ՊՊԾ գնդի տարածքում, սահմանափակվել է իր ազատությունը, խախտվել են իրավունքները, ինքը եղել է պատանդի կարգավիճակում։ Մեղադրող դատախազի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ 7 օր հետո թույլատրեցին դուրս գալ գնդի տարածքից, տուժողը պատասխանեց, որ առավոտյան արթնացել են, և իրենց ասել են, որ ազատ են:

«Մենք ասացին, որ առանց պարոն Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի դուրս չենք գա գնդից, սակայն պարոն Օսիպյանը խնդրեց, ասաց՝ դուրս եկեք, մեզ էլ են բաց թողնելու, հանգիստ եղեք»,– ասաց նա։

Մեղադրող Պետրոսյանի հարցին՝ այդ ընթացքում նրա նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, Մաթևոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հայտարարեց. «Եղել է դեպք, որ Արմեն Բիլյանը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»: Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ինչո՞ւ Բիլյանի գործողությունների մասին նախաքննության ընթացքում չի նշել, տուժողն ասաց, որ այն հոգեվաիճակի մեջ է գտնվել, որի չի հիշել: Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի հարցին՝ դուք ի՞նչ էիք անում, որ ես էլ իբր ուզում էի ձեր վրա կրակել, տուժողը պատասխանեց. «Այնտեղ ասացին, որ զինված խմբի անդամները ուզում են մեքենաները այրեն, ես էլ ասացի Պավել Մանուկյանին՝ մեքենաները տանենք ավտոպարկ, ասացի՝ մի վնասեք մեր մեքենաները, մենք ի՞նչ մեղք ունենք, որ ձեր գործողությունների հետ կապված մենք պետք է վնաս կրենք: Ես կոտրել եմ Դավիթի մեքենայի ապակին, փակ էին դռները, որպեսզի իր մեքենան էլ տեղաշարժեի, դուք էլ բարկացաք և զենքը պահեցիք վրաս, ուզում էիք կրակեիք, Պավել Մանուկյանը թույլ չտվեց»,- ասաց նա:

Բիլյանն էլ իր հերթին արձագանքեց. «Դու Դավիթի մեքենան դիտավորությամբ ջարդեցիր, ձեռքդ էլ ահագին վնասեցիր սրիկայի նման խաբեցիր, որ դու չես եղել...նման բան չի եղել, սուտ ես խոսում դու...ուզում էիր հերոսանայիր»:

Նշենք, որ համաներման մասին օրենքով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները: 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ