News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Ես, իհարկե, կողմ եմ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, սակայն կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն»․ այսօր՝ մարտի 6-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ այսպիսի դիտարկում արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա մի կին զինծառայողի աշխատանքի խնդրով հարց ուղղեց նախարար Դավիթ Տոնոյանին։

«Ինձ դիմել է մի քաղաքացի, որը դասակի հրամանատար է եւ երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում, միայնակ է խնամում երեխային եւ ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց մի դժվարություն ունի՝ բնակվում է Մեծամորում, իսկ իր աշխատավայրը՝ զորամասը, գտնվում է Լուսակերտում։ Դիմել է ձեզ, եւ դուք առաջարկել եք զորամասին մոտ բնակավայր, սակայն նա չի կարող համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը՝ գտնվելով իր ներկայիս բնակավայրից հեռու, քանի որ օգնող չունի։ Ես կուզեի, որ դուք վերանայեիք ձեր որոշումը, եւ եթե հնարավոր է՝ կոնկրետ իրավիճակում լուծում տայիք։ Ցանկանում եմ նաեւ տեղեկանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծված կին զինծառայողների համար, քանի որ եթե կան կին աշխատակիցներ, կլինեն նաեւ երեխաներ։ Հոգատար պետական համակարգ ունեցող երկրներում այս հարցը լուծել են տարբեր կերպ՝ դայակի համար գումար հատկացնելով կամ երեխայի խնամքի սենյակներ աշխատավայրում ստեղծելով»,– նշեց Լենա Նազարյանը։

Պատասխանելով հարցին՝ Տոնոյանը նշեց, որ ըստ երեւույթին զորամասի տեղափոխություն է կատարվել, սակայն խնդրին լուծում կտրվի։ «Ինչ վերաբերում է թեթեւացված ռեժիմով կանանց ծառայության կազմակերպմանը, ապա մեր կողմից ամեն ինչ արվում է, բայց միտումներն աշխարհում հակառակ ուղղությամբ են՝ կանանց հավասարեցնում են տղամարդկանց հետ եւ նրանց առաջ դրվում են նույն խնդիրները։ Ինչ վերաբերում է հավելավճարներին, ապա այն մեզ մոտ չի գործում, սակայն շատ լավ հուշեցիք ինձ»,–նշեց նախարարը։

ԱԺ փոխնախագահի արձագանքը ծիծաղ հարուցեց ԱԺ դահլիճում. «Ես, իհարկե, կողմ եմ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, սակայն կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն, եւ պետք է պայմաններ ստեղծել, որ նրանց աշխատանքը չտուժի»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ