News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Նախօրեին երեկոյան վարչապետը կարեւոր հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել Ղարաբաղյան հիմնախնդրին։ Մոգերինին հանդիպմանը հետաքրքիր դիտարկում է արել։ Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրության, նա իր աջակցությունն է հայտնել, մեջբերում եմ, վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանը՝ առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո

Ի՞նչ նկատի ուներ Մոգերինին՝ առանց նախապայմանների ասելով։ NEWS.am-ի հարցին Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է՝ չեմ կարող մեկնաբանել. «Բանակցությունների ժամանակ մենք որեւէ նախապայմանի մասին չենք խոսել»։ 

Ղարաբաղյան հարցը քննարկվել է նաեւ ավելի ուշ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպմանը։ Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում Փաշինյանը խոսել է Ալիեւի հետ առաջիկա հանդիպման մասին։ 

Ի դեպ, վերջին հանդիպմանը հաջորդել է զավեշտալի դիպված։ Յոհաննես Հանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Փաշինյանի մասին, սակայն կցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լուսանկարը, որն այս օրերին նույնպես գտնվում է Բրյուսելում։ Ավելի ուշ գրառումը ջնջվել է, սոցցանցերի վրացի օգտատերերը հասցրել են սքրինշոթեր անել։

Հատկանշական է, որ վարչապետի բրյուսելյան այցի վերջին օրը հրապարակվել է նրա հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ–ին։ Փաշինյանն ասել է, որ ապրիլի 29-ին Երեւան կայցելի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Նա հույս է հայտնել, որ այս տարի կկայանա նաեւ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան։ 

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ երկու օրինագծի է ընդունել, առաջինը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսման վարձը վճարել ոչ թե կիսամյակով, այլ ամեն ամիս, իսկ երկրորդը թույլ է տալիս, որ Հայաստանից հեռացած երիտասարդ տղաները, որոնց 27 տարեկանը լրացել է 2018 թվականին, վերադառնան Հայաստան մինչեւ 2019-ի մարտի 1-ը, վերադառնալ Հայաստան, վճարեն տուգանք եւ ազատվեն քրեական հետապնդումից։ 

Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի օրակարգն այնքան թեթեւ էր՝ ընդամենը երեք հարց, որ երկրորդ օրը մինչեւ կեսօր երկու նախագծերի քվեարկությունն ավարտվելուց հետո օրակարգը սպառվեց, մի քանի ժամ նիստերի դահլիճը մնաց դատարկ՝ մինչեւ 16։30, երբ սկսվեց կառավարության հետ հարցուպատասխանը։ Համացանցում սա քննադատության ալիք բարձրացրեց. խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում, գրում էին օգտատերերը։ Կառավարության հետ հարցուպատասխանին պատգամավորները որոշեցին ակտիվություն ցուցաբերել. հարց տալու համար հերթագրվեց 56 պատգամավոր՝ մեծ մասը՝ «Իմ քայլը» դաշինքից։ 

Թվում էր, թե հարցերի նման առատության պայմաններում նիստը կշարունակվի անվերջ, սակայն ընթացքում պատգամավորները սկսեցին հերթով հանել հարցերը։ Դահլիճում տրամադրությունը բարձրացրեց փոխնախագահ Լենա Նազարյանը, որի հայտարարությունը հիշեցրեց Գալուստ Սահակյանի ժամանակները։ 

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որոշ ժամանակով հեռացել է Հայաստանից: ԱԱԾ–ն նրան թույլ է տվել որոշակի ժամկետով բացակայել Հայաստանից։ Սոցցանցերում տարածվել է լուսանկար, որի հեղինակը պնդում է, որ արել է այն Իսպանիայում։ Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Դաժան սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կենցաղային հողի վրա ծագած վեճի ժամանակ Բերդ քաղաքի 33–ամյա բնակիչը մուրճի 4 հարված է հասցրել 64–ամյա Սեւան Նավասարդյանի գլխին, ինչի հետեւանքով վերջինը մահացել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված է եղել բռնաբարության համար։ 

Հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Հայտնի չէ՝ արդյոք նրան կուղեկցի կինը՝ ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։ Համաժողովին մասնակցության առայժմ բանավոր համաձայնություններ են ստացվել նաեւ Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից

Բոլոր հիմնական արտարժույթներն էժանացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 6-ին կազմել է 489, եվրոյինը՝ 553, բրիտանական ֆունտինը՝ 643.89, ռուսական ռուբլունը՝ 7.43 դրամ։ 

Մարտի 7-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կնվազի 6-7 աստիճանով։ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +5+7։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ