Կառավարության կառուցվածքի փոփոխությունների այս նախագիծը շատ վաղուց քննարկվում է, եւ կարող ենք արձանագրել, որ հիմնականում ընկալված է հանրության շրջանում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման եւ Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր եւ պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ մենք գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով: Մենք այս պրոցեսի ընթացքում կադրային ջարդ չենք ունենալու, նախարարություններն իրենց հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, որ այդպես շարունակելու են մնալ:
Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, եւ յուրաքանչյուր պետական ծառայող իր շանսն է ստանալու: Այս գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ՝ անկախ հարակից լուծումների»,-ասաց նա եւ նշեց, որ ուշադիր պետք է լինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը նպատակին հասնելու համար:
Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով կրճատումներ անելով. «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը, եւ մենք առաջիկայում նաեւ ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում իսկապես աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետեւանքներով: Այսօր ունենք մի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորում ունեցողների համար: Այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են գործել, եւ խնդիր է առաջացել, որ այդ մարդկանց դրան համարժեք օրինական վճարումներ իրականացնել: Այստեղից են ծագում պարգեւավճարային սկանդալները եւ լավ է, որ ծագել է, որովհետեւ դա լավ առիթ շատ կարեւոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց եւ թափանցիկ քննարկել, բայց նաեւ համբերատար քննարկել»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով. «Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետեւաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ եւ հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»: