Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկխոսություն է ձեւացնում ընդդիմության հետ։ Մարտի 7-ի մամուլի ասուլիսում այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Անժելա Էլիբեգովան։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում Ադրբեջանում շարունակվում են որոշակի գործընթացներ, եւ դրանք կարող են ավելի շուտ ծածուկ, այլ ոչ թե ակնհայտ լինել։ «Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ երկխոսում են ընդդիմության հետ։ Բայց եթե իրավիճակը սրվի, կալանվածներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան նախկինում»,- նշել է քաղաքագետը։ Որպես ընդդիմության մանիպուլյացիայի օրինակ նա նշել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ թույլատրվել է ընդդիմության հանրահավաք, որտեղ հնչել են Ղարաբաղի հարցում չափից ավելի մեղմ դիրքորոշման բավական կտրուկ մեղադրանքներ իշխանությունների հասցեին։ Դա թույլ է տվել Ալիեւին Դավոսում վկայակոչել ժողովրդի կարծիքը։ Հանրահավաքների անցկացման մյուս հայտերը մերժվել են։