News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գործադիրն այսօր ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը։ Այսպիսով, 17 նախարարություններից կմնան 12-ը, կրճատումներ կլինեն, կադրային ջարդ՝ ոչ։

Կառավարությունը նաեւ հարկային օրենսգիրքն է փոխում, այսուհետեւ տնական օղին հնարավոր կլինի օրինական վաճառել՝ ակցիզով ու պիտակով։

Մեկ այլ փոփոխությամբ անհատ տաքսիստները կազատվեն արտոնգրային վճարներից, փոխարենը Փաշինյանը սպասում է, որ տաքսիստներն էլ կարգի կբերեն իրենց տեսքը, եւ չստերին ի վերջո կհաղթի կոշիկի կուլտուրան։

Առողջապահության նախարարը բարկացրեց Փաշինյանին։ «Ակցիզային հարկի փիլիսոփայությունը դեֆորմացվել է»,- դժգոհեց Թորոսյանը, ինքն այսօր առավոտ է իմացել, որ էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկը մոտ 8 հազար դրամից 4 անգամ իջել է:

Կառավարության շենքի առաջ տաջիկներ էին հավաքվել, նրանք բամբակ են մշակում Արաքս գյուղում, բայց արդեն 6 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Պատմում են, որ 10 հոգով էին եկել Հայաստան, 5-ը անփող հեռացել է, իսկ իրենք տոմսի փող չունեն, որ կարողանան տուն վերադառնալ։

Այստեղ էր նաեւ Եղեգնաձորից բազմանդամ մի ընտանիք՝ 7 երեխայով, նրանք տուն չունեն, մի քանի օր է՝ դրսում են, եւ օգնության հույսով եկել են կառավարության դուռը։

Այսօր, նորից կանգառներում ավտոբուս չէր երեւում, վարորդները գործադուլ էին անում, քանի որ երկու ավտոբուսի խցերում տեսախցիկներ էին դրվել, ըստ քաղաքապետարանի՝ ծառայության որակը հսկելու համար, ըստ վարորդների՝ «շպիոնաժի» համար։ Վարորդները դժգոհ էին նաեւ վարձատրության փոխվող կարգից, եթե նախկինում այսպես կոչված «պլան» էին տալիս, մնացածն էլ իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդներին օրը 6-7 հազար վարձատրել՝ գումարած տեխնիկական ծախսերը։

Ի վերջո, հաշտության հասան՝ իրար մասամբ զիջելով։ Երկու տեսախցիկներից մեկը հանվեց, ավտոբուսները վերադարձան երթուղի։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում հայտնաբերված չարաշահումների քրեական գործով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2011-ից 16 թվականներին, համակարգելով  ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուսը»։ Տեսանյութը հրապարակել է «Հայավտոկայարանի» տնօրեն Աշոտ Մնացականյանը եւ գրել՝ «Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու է, բայց իրավական»: Ըստ մամուլի՝ ոստիկանությունը այս գործով փնտրում է Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Նորագյուղցի Բոգոյին»։

Դոլարն ու եվրոն էժանացել են, դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 489 դրամ, եվրոյինը՝ 553, բրիտանական ֆունտը 643 դրամ է, ռուսական ռուբլին 7 ու 42 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյուն, հովիտներում` անձրեւ: Ցերեկային ժամերին տեղումները կշարունակվեն միայն որոշ մարզերում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ