News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված հարցերին NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Պոլսո հայոց պատրիարքի մահից հետո արդեն սկսվում է նոր պատրիարքի ընտրության հետ կապված գործընթացը, որը բավականին ժամանակատար եւ բարդ աշխատանք է։

«Պատրիարքը վերջին 10 տարում անկողնային ծանր հիվանդ էր, եւ դե ֆակտո չէր կարողանում իրականացնել պարտականությունները, որի հետեւանքով երկար ժամանակ Ստամբուլի հայ համայնքում լարված իրավիճակ էր նոր պատրիարքի ընտրության եւ պատրիարքական փոխանորդի հետ կապված հարցերում։ Թեեւ հայ համայնքը պնդեց, որ կառավարության կողմից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը զիջի իր տեղը հայ եկեղեցական կանոններով պատրիարքական փոխանորդ ընտրված, արք․ Գարեգին Բեքչյանին, սակայն Աթեշյանն իր կապերով կարողացավ մնալ իր տեղում, ավելին, թուրքական կառավարությունը հայտարարեց, որ չի ճանաչում Գարեգին Բեքչյանի լիազորությունները, ինչից հետո լարվածություն չառաջացնելու համար Բեքչյանը առանց աղմուկի հեռացավ Պոլսից»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ հիմա արդեն 85-րդ պատրիարքին ընտրելու համար հույս է արթնացել։

Թուրքագետը շեշտեց, որ պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ստեղծվելու է այսպես ասած «ընտրական հանձնաժողով», որն էլ կատարելու է գործընթացի հետ կապված բոլոր նախաձեռնությունները՝ ընդհուպ ընտրությունների կազմակերպում եւ անցկացում։   «Ընտրական հանձնաժողովը պատրիարքի ընտրության անցկացման համար ըստ կանոնակարգի դիմում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը նահանգապետարանի միջոցով եւ նույն խողովակով է ստանում է պատասխանը»,-ասաց Իսպիրյանը՝ պնդելով, որ այնպես չէ, թե թուրքական կառավարությունը միշտ շատ հեշտ է թույլատրել պատրիարքի ընտրություններ։

«Այս պահին բոլորի մոտ հույս է ծագել, որ ի վերջո տեղի կունենան պատրիարքի ընտրություններ, եւ ընտրված պատրիարքը կկարողանա կատարել պարտականությունները առանց թուրքական կառավարությունից ուղիղ կախման մեջ գտնվելու, քանի որ ներկայում պատրիարքությունը ղեկավարող արք․ Արամ Աթեշյանը կառավարության նշանակված անձն է։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները կարող են տարբեր պատճառաբանություններով ձգձգել ընտրությունները, ինչպես որ արել են նախկինում,  եւ թողնել պատրիարքարանը իրենց կողմից նշանակաված արք․ Արամ Աթեշյանին։  Իսկ այդ ընթացքում կկազմավորվի «ընտրական հանձաժողովը», ընտրությունների անցկացման համար դիմում կներկայացվի ՆԳՆ, պատրիարքի թեկնածուների դիմումները կընդունվեն։ Իսկ պատրիարքի ընտրությունների հավանական ժամկետը կարող է լինել աշնանը»,-ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նշենք, որ մարտի 8-ին կյանքից հեռացել է Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանը։ Նա երկար ժամանակ անկնողնային հիվանդ էր, եւ չէր կարողանում պարտականություններն իրականացնել, իսկ քանի որ ըստ Հայոց պատրիարքարանի կանոնադրության պատրիարքն ընտրվումէ  ցմահ, հայ համայնքը չի կարողացել նոր պատրիարք ընտրել։ Գործին խառնվել է թուրքական կառավարությունը եւ նշանակել արք․ Արամ Աթեշյանին որպես փոխպատրիարք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ