News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը:

Ըստ այդմ, կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

«Օրենքներ են ընդունում, որ խեղճացնում են գրավատներին։ Երբ էիք տեսել, որ բանկը ոսկով գրավ տա, կամ փորձի մրցակցել գրավատան հետ, իսկ այսօր բանկին այդ թույլտվությունը տվեցին, տոկոսները իջեցրեցին։ Այս որոշման հետեւանքով աղքատությունը մեծանալու է, գրավատները փակվելու են, մարդիկ գնան տները նստեն։ Մենք որ չաշխատենք, մեզ բերելո՞ւ են պահեն, սենց օրենքներ չեն ընդունում, որ անհավանական թվերի հետ գործ ունենանք։

Եկեք թարս նստենք, դուզ խոսենք, ոնց ասում են, 20 տարի Հանրապետական կուսակցությունը, որին բոլորս մեղադրում ենք օյ–օյ երկիրը քանդել են, տնտեսավարողներին ճնշել են, էդքանը չեն մտածել, որ կարելի է սրանց վրա ֆինանսական բեռ դնենք, որ ճռռալով տան, որ քսան տարի մտածել ենք՝ թալանչի են»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հայկ Սահակյանը:

Անհատ ձեռնարկատեր Սամվել Մովսիսյանն էլ նշեց, որ հարցը չլուծվելու դեպքում իրենք պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի՝ գործադուլ անել, փողոց փակել, ընդհուպ մտնել Կառավարության շենք. «Չէ, որ Փաշինյանն է ասել, որ իշխանությունը մենք ենք, երբ ուզենք, կարող ենք գալ, հիմա իշխանությունը եկել է կառավարության մոտ»։

Նրանք իրենց առարկությունները նաեւ պատրաստվում են գրավոր ներկայացնել Կառավարությանը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այս փոփոխության արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում եւ Երեւանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ