Կոռուպցիան ու թալանը պետք է վերացնենք, որ կարողանանք ապրել այստեղ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 11-ին, ասացին Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղացիները:

Նրանք  պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, քանի որ ասացին՝ ունեն փաստեր, որ ընտրովի սեփականաշնորհում է արվել։ Իրենք էլ պահանջում են, որ այդ տարածքները վերցնեն, հավասար բաժանեն գյուղացիների միջև.

«Ունեցել ենք կլուբ իր կահավորանքով և բոլոր հարմարություններով, տարածքում ոչ մի տեղ չկար նման բան, իսկ հիմա միայն պատերն են մնացել: Իդեալական մանկապարտեզ ենք ունեցել մինչև 1996 թվականը, հիմա էլի պատերն են մնացել»:

Գյուղացիները պնդում են, որ մշակույթի տան հարակից տարածքը գյուղապետը բաժանել է իր և եղբոր միջև: Ասում են՝ աճուրդ են արել, իրար մեջ բաժանել, բայց գյուղացիները տեղյակ չեն եղել:

«Էս սարն իմն ա, էս ծառն իմն ա: Գյուղում միայն իրենք իրենց բարեկամներով են շինարարություն անում, որ կողմը նայես՝ իրենն է: Մթերային խանութից սկսած մշակույթի տնից վերջացրած: Հեկտարները վերցրել է իրեն, մեզ տվել է ընդհամենը 1300մ հող: 1300մ հողում ո՞վ կարող է ապրել»:

Գյուղացիներն ասում են, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար գյուղի բյուջեից գումար են դուրս գրել, բայց ոչ բոլորին է հասել: Ապրիլյանի ժամանակ վիրավորված զինվորին գյուղապետը ոչնչով չի օգնել, գյուղացիներն են գումար հավաքել ու օգնել:

«Եղբորս որդին քառօրյայի մասնակից է, գյուղապետարանը 100հզ գումար տվեց: Անցավ որոշ ժամանակ պարզվեց, որ պարոն Սարգսյանի որդին որպես Քառօրյայի մասնակից, ստանում է գումար, բայց իր որդին բացարձակ կապ չունի պատերազմի հետ»,- պատմեց գյուղացիներից մեկը։

Գյուղը, ըստ գյուղացիների, ունեցել է գյուղատնտեսական մեքենաների «գարաժ», բոլորը վերացրել են․ «գարաժն» էլ գյուղապետին է հասել:

«Ճանապարհները, ոնց որ, Հայրենական պատերազմից հետո լինեն: Մեքենա առնում ենք, երրորդ օրը նորոգման կարիք է ունենում: Բայց թաղումների ժամանակ եթե մահացածը գյուղապետի բարեկամն է, ճանապարհները լցնում են»:

NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Քյարամ Աճոյանը պնդեց, որ ամեն բան կարգին է, և գյուղապետը ամեն ինչով օգնել է գյուղացիներին:

«Սկսեցին մեզ պայմաններ առաջարկել, մենք մտածում էինք` միայն ճանապարհների հարցն է եղել: Չեմ կարող ասել թե ինչը փոխվեց իրենց մոտ: Ինչքան որ ես տեղյակ էի, ճանապարհների խնդիրն էր: Իսկ ճանապարհների խնդրի համար գյուղապետը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին, և հույս ունենք, որ գումար կհատկացվի: Զինվորների գումարն էլ ստացել են անձամբ ծնողները»:

Գյուղացիները դիմել են մարզպետարան, այնտեղ նրանց առաջարկել են ստորագրահավաք անել, որպեսզի բողոքը հիմնավոր լինի:

Նրանք պատրաստվում են վաղը առավոտյան շարունակել ցույցերը: