News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես նշել է.

«Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական եւ մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունները թեւակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերեւս մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է:

Հարգելի գործընկերներ,

2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, եւ ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու եւ արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի եւ նրա իրավունքների, այլեւ բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետեւ մենք իրապես շահագրգիռ ենք եւ ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարեւորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:

Բանակցությունների մինչեւ այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիեւի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաեւ, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետեւ այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ, հետեւաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաեւ իրենց ներկայացնելու լիազորություն, հետեւաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաեւ ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաեւ միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարեւոր, եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են եւ ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետեւյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որեւէ ներկայացուցիչ չկա, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որեւէ սուբյեկտ:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում եւ, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջպետական եւ միջազգային հարաբերություններում»:

Հատկանշական է, որ նախօրեին նախապես հայտարարվել էր, որ Արցախում տեղի է ունենալու Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, իսկ ավելի ուշ նշվեց, որ խոսքը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ