News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գյուղապետի հրաժարականի պահանջով մի քանի օր տևած ցույցերը զարթոնքցիները որոշել են դադարեցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ նշելով, որ նախօրեին իրենք գնացել են կառավարություն և  ներկայացրել իրենց խնդիրը:

«Մեզ 2 ժամ առաջ եկավ պատասխան, որ վարչապետը նայել է փաստաթղթերը: 2-3 օրվա ընթացքում պետք է գան գյուղ և սկսեն ուսումնասիրություն անցկացնել ղեկավարի պաշտոնավարման վերաբերյալ»,- ասաց նա, և ավելացրեց, որ իրենք մարզպետարանից ակնկալիք չունեն:

«Դա քիչ է, երեկ գյուղապետը անծանոթ մարդիկ էր հավաքել, և փորձում էր մեր մեջ կռիվ գցել, պառակտել: Մենք ֆիքսել ենք դեմքերը, իրենք մեր գյուղից չեն»,- ասաց Համլետ Աբովյանը:

Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի անգամ հրավիրել է ցուցարարներին քննարկման, բայց ոչ ոք չի եկել:

«Իմ հրաժարականը երբեք չի լինի: Հարյուր հոգու համար ես իմ ինը հարյուր բնակչից չեմ հրաժարվի: Հետո ես ինչպե՞ս եմ իմ ժողովրդի աչքերի մեջ նայելու»,- ասաց գյուղապետը, իսկ կառավարության ուսումնասիրության վերաբերյալ ավելացրեց.  «Ես շատ ուրախ կլինեմ, որ ավելի շուտ գան, ու վերջապես այս հարցը փակվի»:

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի և զարթոնքցիների հետ եղել է քննարկում, սակայն ցուցարարները չեն հրաժարվել իրենց պահանջից. համայնքապետը պետք է հրաժարական տա:

«Կանցկացնենք ուսումնասիրություն, եթե հայտնաբերվեն համայնքի ղեկավարի անօրինական գործողություններ, ապա մարզպետարանը կդիմի դատական մարմիններին և կհետևի գործընթացին: Այս պահին մենք չունենք այն լիազորությունը, որ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնենք առանց ապացույցների»,- ասաց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը:

Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները չորրորդ օրն է՝ ցույց են անում, պահանջելով գյուղապետի հրաժարականը և նրան մեղադրելով մի շարք ապօրինությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ