News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ավելի 9 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար՝ մոտավորապես 40 րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչեւ մարտի 2-ը»,–նշեց նա։ 

Հայկ Ալումյանի կարծիքով՝ իրենց ներկայացրած փաստարկները բավականին ծանրակշիռ են. «Մենք կարծում ենք, որ այն փաստարկները, որ մենք ներկայացրել ենք, բավականին ծանրակշիռ են»։ 

Դիտարկմանը, թե երբ Վճռաբեկ դատարանը որոշեց Վերաքննիչ վերադարձնել Քոչարյանի կալանքը չեղարկելու որոշումը, իրենց փաստարկները նույնն էին, Ալումյանը պատասխանեց. «Չի կարելի ասել, որ բոլորովին տարբերություն չկա մեր փաստարկների միջև, որովհետեւ փետրվարի 12-ին մեղադրանքն էապես փոխվել է։ Հետեւաբար, մեր փաստարկները վերաբերում են փոփոխված մեղադրանքին»։

Բացի այդ, նրա խոսքով, այժմ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը զրոյական է.  «Մեր փաստարկներին գումարվել են այն փաստարկը, որ նախաքննությունն ավարտվել է, այսինքն՝ քննիչը հայտարարել է, որ ապացույցներ չունի հավաքելու, դրանից հետեւություն, որ եթե բոլոր ապացույցները հավաքված են, գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը զրոյական է» ։

Պաշտպանի փոխանցմամբ՝ կաշառքի մեղադրանքին եւս Քոչարյանն անդրադարձել է նիստի ժամանակ. «Բացարձակ անհիմն մեղադրանք է։ Մենք այդ նյութերն էլ վերլուծեցինք, որի հիման վրա նախաքննական մարմինը փորձում է ցույց տալ, որ կա հիմնավոր կասկած, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել։ Իսկ թե մեր եւ մյուս կողմի փաստարկներից դատարանը ինչ հետեւություն կանի, վաղը կտեսնենք»։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ