News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտից քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։  Ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ այսօր աշխատանքներն ընթացել են առանց դիմադրության։ Երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ էր հանդես եկել «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները : Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը։ Սրճարանների կոնստրուկցիաների մի մասը հավանաբար կուղարկվի Արցախ՝ տուրիստական արահետների վրա կամուրջներ կառուցելու նպատակով։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետն այսօր եւս 2 ամսով երկարացվեց։ Դատարանը բացառել է Քոչարյանի թաքնվելու հնարավորությունը, բայց քանի որ այժմ նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը եւ բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը։ Այս մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկելու են։ Փաստաբանը նաեւ հայտարարեց, որ մեղադրանքը չի կարող ապացուցվել։ «Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց են լինելու, ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը»,- ասաց պաշտպանը։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղարը: Միջնորդությունը դատարան էր ներկայացրել ՀՔԾ քննիչը։

«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով: Հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք՝ մարտի 3-ին նրանք մոտ 10 հոգով Նարեկ Մալյանին ոտք ու ձեռքից բռնած քարշ են տվել դեպի աղբամանը, բայց ոստիկանները միջամտել էին, եւ Մալյանին աղբամանը նետելու փորձը կանխվել էր։ 

Դաժան սպանություն Տավուշի Այգեհովիտ գյուղում։ 61-ամյա Սարգիս Սիմոնյանը կացնահարել է մորը՝ 89-ամյա Օսան Սիմոնյանին։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 15-ին։ Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում տեսել են արնաշաղախ Օսան Սիմոնյանին։ Նա դեռ ողջ էր, եւ ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են 89-ամյա կնոջ կյանքը փրկելու համար, բայց  հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո նա մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի վիճել են կենցաղային հարցերի շուրջ, ինչն ավարտվել է սպանությամբ։ Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը «ասթենո-դեպրեսիվ ախտանիշով» հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում: Հարուցվել է քրեական գործ։ 

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, զինված տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, երբ նրանք ծնկի էին իջել աղոթքի համար, սպանվել է 49 մարդ։ Հրաձիգը հարձակումից առաջ հրապարակել է մանիֆեստ ընդդեմ ներգաղթյալների, իսկ բուն հրաձգությունը հեռարձակել է ֆեյսբուքի ուղիղ եթերով։ Ըստ ականատեսի՝ նա սպիտակամորթ էր, շիկահեր, եղել է սաղավարտով ու զրահաբաճկոնով։ Լրատվամիջոցները գրում են, որ հրաձիգը Ավստրալիայի քաղաքացի է, մոտ 30 տարեկան, ուլտրաաջ հայաքների կրող եւ ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Ոստիկանությունը հայտնում է 4 ձերբակալվածի մասին, որոնցից մեկը կին է։ Համացանցում հայտնվել են հրաձիգի զենքի լուսանկարները, պահունակների վրա եղել են տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն: Հայերեն գրված է եղել՝ Սարիղամիշի ճակատամարտ, որի ժամանակ ռուսական բանակը ջախջախել էր օսմանյան զորքերին։ «Այն, ինչ տեղի է ունեցել, բռնության արտասովոր եւ աննախադեպ ակտ է»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետը։ Նրան Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել։ 

Դոլարի վայրէջքը չի դադարում, փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 645, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ:

Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ։ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին ժամանակ առ ժամանակ կլինեն կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +14+16։

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ