News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրավական տեսանկյունից քաղաքային իշխանությունների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն իրականացվում, ամեն ինչ կատարվում է տնտեսվարող սուբյեկտների հետ  կնքված պայմանագրերի շրջանակում:

Պայմանագրի կնքման ժամանակ տնտեսվարող սուբյեկտները տեղեկացվել են  ներդրումների ռիսկերի մասին: Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  իրավաբան Տիգրան Խուրշուդյանը՝ մեկնաբանելով Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի շրջակա սրճարանների ապամոնտաժումը:

«Սակայն իմ կարծիքով, սրճարանների քանդման հարցին քաղաքային իշխանությունները կարող էին ավելի զգուշությամբ մոտենալ, հատկապես հաշվի առնելով այն, որ, արդյունքում դրանց աշխատակիցները զրկվեցին աշխատանքից:

Կարծում եմ, խելամիտ կլիներ չգնալ կտրուկ քայլերի եւ բանակցությունների միջոցով ելք գտնել իրավիճակից», - հավելեց նա:

Այն, որ քաղաքապետարանից նախապես ծանուցում ստացած սրճարանների սեփականատերերը ժամանակին քայլեր չեն ձեռնարկել, Խուրշուդյանը բացատրեց նրանով, որ  «հայկական մտածողությունը դեռ չի սովորել կապիտալիստական ռեժիմին». տնտեսվարող սուբյեկտները պետք է իմանային ներդրումների ռիսկերի մասին եւ հասկանային, որ պայմանագրի չեղարկման օրը վաղ թե ուշ կարող է գալ:

Մինչդեռ ըստ նրա տեղական ինքնակառավարման մարմինները կարող էին առաջնահերթ զբաղվել Երեւանի այլ հատվածներով, որոնք նույնպես կանաչապատման կարիք ունեն: Իսկ սրճարանների սեփականատերերին կարող էին քաղաքի կենտրոնում այլընտրանքային տարածքներ տալ:

Իրավաբանը բացասական գնահատական տվեց մարտի 14-ին ոստիկանների եւ սրճարանների ապամոնտաժմանն ընդդիմացող ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներին: Առավել եւս, որ հարցը կարելի էր առանց ագրեսիայի եւ ուժի կիրառման լուծել:

«Ոստիկաններին վիրավորելը չափազանց բացասական երեւույթ  է», - հավելեց նա:

Իր հերթին տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հայտարարեց, որ մի քանի սրճարանների քանդումից տնտեսական կոլապս չի լինի:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրավաբանական կազուսի մասին խոսք լինել չի կարող, քանի որ քաղաքային իշխանությունների գործողությունները չեն հակասում իրավունքի տրամաբանությանը:

Մինչդեռ մայրաքաղաքի բիզնես ոլորտի վրա որոշակի ազդեցություն կարող է լինել հաշվի առնելով այն, որ մյուս տնտեսվարող սուբյեկտները կշարունակեն աշխատել նույն պայմաններով, ինչ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի հարակից սրճարանները:

Խաչատրյանն այդ կապակցությամբ քաղաքային իշխանություններին խորհուրդ տվեց  առաջիկա մի քանի տարիների գործողությունների ծրագիր մշակել, ինչը թույլ կտա խուսափել նման միջադեպերից:

«Բիզնեսի տեսանկյունից ցանկալի կլիներ, որ քաղաքային իշխանությունները սրճարանների սեփականատերերին ավելի շատ ժամանակ տային», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ