News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի 16-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները տապալեցին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության առջեւ կազմակերպված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16-ի Ռուս-թուրքական պայմանագիրը:

Մոտավորապես 16: 00-ին Տիգրան Խզմալյանի ղեկավարությամբ Ռուսաստանի դեսպանության մոտ եկան դեռեւս չգրանցված՝ Հայաստանի եվրոպական կուսակցության շուրջ 15 ակտիվիստներ: Նրանք պահել էին «Հայոց եղեռնը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին եւ ավարտվեց հայերի հայրենազրկությամբ՝ 1921 թվականի մարտի 16-ին» պաստառը:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշեց, որ նրանք ռուս-թուրքական պայմանագրի կնքման 98-րդ տարեդարձին պահանջում են չեղարկել այն, քանի որ փաստաթուղթը կնքվել է առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության: Նա զուգահեռներ անցկացրեց  «խորհրդա-ֆաշիստական Ռիբբենտրոպ-Մոլոտով պակտի հետ»՝ դա լրացուցիչ հիմք համարելով 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի չեղարկման համար:

Նրանց խանգարելու եկած կոմունիստներին Խզմալյանը «դավաճաններ, հակահայկական ռուս-բոլշեւիկյան քաղաքականության հետեւորդներ անվանեց, որոնք այսօր էր փորձում են ապակողմնորոշել հայ ազգին»:

Չնայած անձրեւին ՌԴ դեսպանատան առջեւ ակցիայի մասնակիցները եւ կոմունիստները մոտ կես ժամ վիճաբանում էին: Տիգրան Խզմալյանի կողմակիցները նշում էին, որ «դեռ 1915-ից ՌԴ-ն ոչնչացնում էր հայերին», «ոչ ոքի պետք չէ  ՌԴ-ի 3 միլիոնանոց հայկական սփյուռքը» եւ այլն՝ կոմունիստներին մեղադրելով ռուսների պատվերով ազգային շահերի դավաճանության մեջ: Նրանց միացավ նաեւ Պարույր Հայրիկյանը:

Իր հերթին, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի  առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներին «Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Արեւմուտքի գործակալներ» անվանեց: Նրա խոսքով, Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը Թուրքիայի երազանքն է, «քանի որ այդ դեպքում կակտիվանա 1920 թվականի դեկտեմբերի 2-ին դաշնակների կողմից ստորագրված խայտառակ Ալեքսանդրապոլի համաձայնագիրը», որով Հայաստանի տարածքը պետք է լիներ 9800 քառակուսի կիլոմետր` Խորհրդային Հայաստանի տարածքից երեք անգամ պակաս:

Ղազարյանի խոսքով, չգրանցված Եվրոպական կուսակցության ակտիվիստները, ինչպես նաեւ հակառուսական այլ ուժերը, հրահրվում  են մեկ կենտրոնից` Վաշինգտոնից, եւ նպատակ ունեն վնասել հայ-ռուսական հարաբերությունները: Ընդ որում, նրանք հարվածում են նաեւ Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ զրոյացնլով  Ռուսաստանի ղեկավարության հետ հարաբերությունները կարգավորելու նրանց փորձերը:

«Գործը հասել է նրան, որ Տիգրան Խզմալյանը Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին  Facebook-ում կոչ է անում հրաժարավել դրա միջազգային ճանաչումից, ինչ-որ հայրենազրկություն է հորինել: Ինչ հայրենազրկության մասին է խոսքը, երբ Հայաստանի բնակչությունը խորհրդային շրջանում 5 անգամ ավելացել է: Չնայած ի՞նչ կա զարմանալու: Չէ՞ որ ԱՄՆ-ը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ այժմ Հայաստանում նրանց կամակատարները պատվեր են կատարում:

 Իսկ Ռուսաստանը ՌԴ Կոմկուսի առաջարկով այն ճանաչել է: Խորհրդային իշխանությունը 70 տարի շարունակ անվճար կրթություն է տվել այնպիսիններին, ինչպիսինն Տիգրան Խզմալյանն է, որը ոչ այնքան վաղուց ԵՊՀ-ում ռուս գրականություն  էր դասավանդում, իսկ հիմա հակառուսական ակցիաներ է կազմակերպում», - ասաց նա:

Մոտ երեք տասնյակ կոմունիստներ, պահելով  «Հավետ՝ Ռուսաստանի հետ», «Ոչ հակառուսական սադրանքներին Հայաստանում» պաստառներ, կարմիր դրոշներ եւ պարբերաբար վիճաբանելով Հայաստանի եվրոպական կուսակցության ակտիվիստների հետ, այնքան ժամանակ մնացին դեսպանատան շենքի մոտ, մինչեւ վերջիններս հեռացան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ