News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ռանչպար գյուղից վարչապետ Փաշինյանը վերադարձել է ծանր տպավորություններով, որոնց ազդեցությամբ բանաստեղծություն է գրել «Ռանչպար» վերնագրով՝ նշելով, որ այն նաեւ անելիքի ամփոփ ծրագիր է եւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին։

Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում եւ հրապարակել բանաստեղծությունը․

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ,

Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,

Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝

Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես

Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,

Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,

Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,

Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,

Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,

Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,

Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,

Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել Արարատի մարզի Ռանչպար գյուղ՝ մարդկանց հոգսերին, մտահոգություններին ծանոթանալու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ