News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ:

Արփի Կարապետյանը HR մասնագետ է, քոուչ, խորհրդատու, սոցիալական հոգեբան: Գիրք է գրում, սիրում է նկարել եւ կարծում է, որ ցանկացած փոփոխություն լճացումից լավ է:

Մասնագիտության եւ իր մասին

Իմ ժամանակի մեծ մասը ես հատկացնում եմ ուրիշներին փորձ եւ գիտելիքներ փոխանցելուն: Մասնագիտական կողմնորոշման ծրագրեր եմ պատրաստում, թրեյնինգներ անցկացնում եւ աշխատում մարդկանց ու ընկերությունների հետ:

Շարունակաբար օգնում եմ իմ մասնագիտության մարդկանց HR մենեջերների հայկական ասոցիացիայի շրջանակում, որը ինքս 10 տարի առաջ եմ նախաձեռնել, երբ մեր մասնագիտությունը նորաձեւ եւ գնահատված չէր: Կազմակերպում եւ անցկացնում եմ իմ ոլորտի տարածաշրջանային համաժողովներ: Շատ եմ շրջագայում տարբեր ծրագրերով:

Սիրում եմ նկարել, ուզում եմ իմ աշխատանքների ցուցահանդեսը բացել: Գիրք եմ գրում: Խնդիրներ, իհարկե, կան, սակայն զարգացման բնական դինամիկան ենթադրում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլուծվի:

Շատ եմ երազում, եւ ամենահետաքրքիրն այն է, որ իմ երազանքները, որպես կանոն, կատարվում են: Նշանակում է՝ երազում եմ իրական եւ ճիշտ բաների մասին:

Ես մինչեւ ուղնուծուծս լավատես եմ, մարդ, որը ռիսկի է գնում եւ իմ հետաքրքրասիրությունը իմ հիմնական պահանջմունքն է:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, թեեւ անցած ընտրությունների ժամանակ պատգամավոր առաջադրվել եմ։ Դա իր պատճառներն ուներ, որոնցից գլխավորը՝ երկրիդ օգուտ բերելն է, մասնավորապես՝ այն ոլորտին, որտեղ քեզ պրոֆեսիոնալ ես համարում։ Կարծում եմ, որ իր դիրքորոշումը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքացի, բայց մենք բոլորս տեսնում ենք սառցաբեկորի գագաթը, ու միշտ չէ, որ հնարավորություն ունենք ճիշտ գնահատել ստորջրյա քարերը։ Իմ կարծիքը ես արտահայտում եմ միայն այն ժամանակ, երբ լիովին տիրապետում եմ տեղեկատվությանը ու հիրավի համոզված եմ ասելիքիս մեջ։ Ես շատ եմ ելույթ ունենում եւ հանդիպում մարդկանց հետ, ինձ կարելի է հանրային մարդ անվանել։ Հանրահավաքների գնում եմ 8-րդ դասարանից։ Բարիկադներին, իհարկե, չեմ կանգնել, բայց կողքին՝ միշտ։ Ինձ համար բնական է, երբ ժողովուրդը պայքարում է անարդարության դեմ եւ հանուն իր լուսավոր ապագայի։ Իմ դերն եմ համարում օգնել կառուցել համակարգեր եւ գործի դնել ճիշտ գործընթացներ։

Թավշյա հեղափոխությունից հետո շատ բան դուր է գալիս, շատ բան էլ՝ ոչ։ Սակայն ինձ համար ցանկացած փոփոխություն լճացումից լավ է։ Հենց փոփոխությունների ժամանակ են տեղի ունենում զարգացման թռիչքներ եւ ծնվում են անհավանական, ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կարող են դուրս բերել երկիրը ճգնաժամից։

Ի՞նչն է անհանգստացնում։ Ընդհանուր առմամբ, եթե համակարգում չկա առողջ կոնֆլիկտ, ապա դա միշտ կանգնեցնում է գործընթացը։ Ինձ ներկայիս կառավարությունում դա մի փոքր չի հերիքում։ Երկրորդ հարցը կադրային քաղաքականությունն է բոլոր կառույցներում։ Նվազագույն անհրաժեշտ պայմանը, իհարկե, հիմնարար արժեքներն են՝ սերը հայրենիքի հանդեպ, ազնվությունը, սկզբունքայնությունը եւ նորի հանդեպ բացությունը։ Բայց դա բավական չէ։ Արդի աշխարհում եւ կյանքի այս փուլում երկրին անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ՝ մարդիկ, որոնք արդեն դրական փորձ եւ գիտելիքներ ունեն, կամ մարդիկ, որոնք ի վիճակի են արագ որսալ ու սովորել։ Քանի որ, ավաղ, սպասել չենք կարող։ Երկրին հարկավոր են արագ ու հիմնարար որոշումներ։

Ինձ համար առավել կարեւոր են որակյալ փոփոխությունները կրթության եւ աշխատանքային հարաբերությունների ոլորտներում։ Մեր աշխատանքային օրենսդրությունը պետք է վերանայվի ինչպես որոշ սկզբունքային, այնպես էլ ընթացակարգային հարցերում։ Ես կարծում եմ եւ բազմիցս ասել եմ այդ մասին, որ մեր ժամանակակից դպրոցը եւ համալսարանը պետք է արմատապես վերանայեն իրենց մոտեցումները։ Մենք չենք կարող շարունակել գիտելիքներին վերաբերվել որպես մանկական գլուխներում տեղեկատվության պատվաստման։ Գիտելիքը մարդկային ձգտման ու ներուժի բացահայտման եղանակ է, ոչ թե ինքնանպատակ։ Հետո. տեսնում եմ համակարգային փոփոխություններ դեռահասների մասնագիտական կողմնորոշման ոլորտում։ Այս մասին շատերն են խոսում։ Ես ինքս, քանի որ մասնագիտացել եմ այդ հարցում, անում եմ ինչ կարող եմ։ Որքան էլ ծամծմված հնչի՝ երեխաները մեր ապագան են։ Մենք պետք է կենտրոնանանք սրա վրա։

Վերջին մի քանի տարիներին ես հիմնականում քայլում եմ ոտքով. մեր քաղաքը փոքր է, ցանկացած տեղ 20 րոպեում կհասնես։ Ցանկանում եմ տեսնել իմ մանկության տրամվայը եւ էկոլոգիական քաղաք, որտեղ մարդիկ երթեւեկում են հեծանիվներով ու Tesla ավտոմեքենաներով։

Հայրենասիրությունը կյանքի վիճակ ու կերպ է, սեփական ժողովրդին ծառայությունը՝ անձի ինքնության անքակտելի մաս։ Սա՝ այն դեպքում, երբ հարցնում են՝ ո՞վ ես, մարդն առաջիններից մեկը տալիս է այս պատասխանը. «Ես իմ երկրի քաղաքացին եմ»։ Ինձ համար հայրենասիրության դրսեւորումները մանրուքների մեջ են, ոչ թե ամպագոռգոռ նախադասություններում։ Եվ այո, ես ինձ համարում եմ իմ գործի, քաղաքի ու երկրի հայրենասեր։

Սեռական փոքրամասնությունների մասին

Կարծում եմ՝ բարձագույն արժեք է այն ամենը, ինչը մարդուն օգնում է դրսեւորվել եւ ինքնիրացվել, իրեն ազատ ու պահանջված զգալ: Կարեւոր է, թե մարդն ինչպիսին է ներքուստ, նրա արարքները, կենսական հավատամքը, ինչ է կարողանում եւ ինչի մասին է խոսում: Սիրում է արդյոք մարդկանց: Մնացյալ ամեն ինչը անձի այլ, արտաքին գործոններ են:

Վախերի եւ շարժառիթների մասին

Իմ ամենամեծ վախը չհասցնելն է

Ես ներքուստ սարսափելի մոտիվացված մարդ եմ: Իմ կյանքում երբեք չի եղել այնպիսի պահ, երբ կատարածս ինձ չի հետաքրքրել: Հավանաբար, այս պատճառով կարող եմ ինձ երջանիկ մարդ համարել: Իմ կենսական հավատամքն է փոփոխություններ բերելը, ինչը եւ առաջ ընթանալու ուժ ու էներգիա է տալիս:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Ի՞նչ եմ հագնում: Նախընտրում եմ ուսապայուսակը եւ ջինսերը, քանի որ պարզ ու հարմար է: Անչափ դուր է գալիս կապույտը, պահարանիս մեջ մի կույտ կապույտ զգեստներ եւ բլուզներ կան:

Պաշտում եմ տատիկիս մատանիները՝ հավերժորեն գեղեցիկ եւ անհավանական էներգետիկա հաղորդող, որը, ինչպես ասում են, նրանից եմ ժառանգել:

Սիրում եմ խնամված, բայց բնական գեղեցկությունն ու հարմարավետությունը: Սա վերաբերում է ամեն ինչին՝ շպարին, սանրվածքին, ոճին, վարքագծին: Չեմ անում կերպարը ստանդարտացնող ոչ մի բան:

Քաշիս հետեւում եմ: Դա կարեւորում եմ: Ինչպես արդեն ասացի, ինձ համար կարեւորը մարդն է, ոչ թե պատյանը: Սակայն ավելորդ քաշը մեր ժամանակների խնդիրն է, որն ինձ համար ինքնակարգապահության եւ ինքնակարգավորման ինդիկատոր է:

Տարիքս սիրում եմ: Ընդհանրապես կյանքն եմ սիրում:

Քննադատության, ազդեցիկ մարդկանց եւ համոզմունքների մասին

Նախկինում քննադատությունից վախենում էի, սակայն տարիքին եւ փորձին զուգահեռ սկսեցի հասկանալ, որ այն քեզ ավելի է ուժեղացնում եւ ստիպում զարգանալ:

Ես կուռքեր չունեմ, բայց կան մարդիկ, որոնց գնահատում եմ ու հարգում: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է միտումներ թելադրել եւ աշխարհը փոխել, ամեն ինչ կախված է հանգամանքների զուգադիպումից եւ ձգտումներից:

Հավատում եմ մարդկանց եւ նրանց ներուժին: Միասին ամեն ինչ կարող ենք անել:

Մշտապես դրական եմ վերաբերվում կատարվողին, կարծում եմ՝ ցանկացած իրավիճակում հնարավորություն կա, որը պետք է օգտագործել: Հեղափոխությունն անձամբ ինձ անհատական աճի եւ անցած մասնագիտական ճանապարհի վերաիմաստավորման հնարավորություններ տվեց: Ընդհանրապես աներեւակայելիորեն հետաքրքիր է փոփոխությունների դարաշրջանում ապրելը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

9. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

10. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Վեներա Ավետիսյան) 

11. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նաիրա Թովմասյան)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ