News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը վերաբերող կոնցեպցիան, որ մշակվել է ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից, իր մեջ պարունակում է շատ վտանգավոր ձեւակերպումներ եւ մակերեսային վերլուծության արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«ԿԲ-ն պրոֆեսիոնալ կերպով կենտրոնացած է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջազգային փորձի օրենսդրական կարգավորումների վրա, բայց այս առումով ես տեսնում եմ միտում, ինչպես նաեւ շտապողականություն եւ մակերեսայնություն։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մի քանի օրինակներ էի մատնանշել, մարդիկ մեջբերում են օրենք կամ ՄԻԵԴ փորձը այն դեպքում, երբ դրանք վերաբերելի չեն կամ ուժը կորցրած են ճանաչվել։ Իմ մտահոգությունն այն է, որ երկու կոնցեպցիա կա, որոնք Նիկոլ Փաշինյանը դրել է աշխատանքային խմբի սեղանին, եւ նրանք պետք է ներկայացնեն նախագիծ։ Մինչդեռ փաստաթուղթը, որի վրա պետք է հիմնվես, կազմված է ոչ այնքան պրոֆեսիոնալ եւ իր մեջ պարունակում է վտանգներ, ինչ-որ մեկը այդ մասին պետք է բարձրաձայնի»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է իր բարձրացրած հարցին ԿԲ արձագանքին, Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, դա ընդամենը «կոնվենցիայասպան գրություն» է.

«Ո՞վ է ասում՝ Մանիվալի Կոնվենցիան կամ Վարշավայի կոնվենցիան ինչ-որ առումով վատ են, կամ ես վիճարկել եմ այդ կոնվենցիաների առկայությունը, ամենեւին ոչ, ես ասում եմ միջազգային փորձը, որ առկա է, դուք խեղաթյուրել եք, դուք խառնել եք, դուք փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող ապացուցման բեռի փոփոխությանն առնչվող հարցադրումները փոխել եք, խեղաթյուրել եք, քաղաքական նպատակահարմարությանն եք տուրք տվել»,– ասաց նա։

Անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի նախաձեռնությանն ու ոստիկանության գործողություններին, Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ բարդ է որեւէ գնահատական տալ կատարվածին իրավական տեսանկյունից, քանի դեռ ծանոթ չի քաղաքային իշխանությունների հետ սրճարանի տերերի ունեցած պայմանագրերին։

«Բայց ես կարող եմ հարցի բարոյական կողմին եւ այն հռետորաբանությանն անդրադառնալ, որը հնչեցվել էր քարոզարշավի ժամանակ, որոնք գեղեցիկ բառեր էին նախկիններին հեռացնելու համար։ Այդ նույն քաղաքապետը խոսում էր հանրաքվեի մասին, երեւանցու ձայնը լսելի դարձնելու մասին։ Նրան ընտրողներից են եղել այս մարդիկ, որոնք հավատացել են նրան։ Այդ մարդիկ ակնկալել են ոչ այսպիսի վերաբերմունք»,– ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այն իշխանությունը, որն այսպիսի լոզունգներով է եկել իշխանության, որն ամեն հարցում խոստացել է լսել երեւանցու կարծիքը, այդ իշխանությունը պետք է ավելի շատ ջանք գործադրի, քան սովորաբար կանոնավոր պայմաններում կգործադրեր որեւէ այլ իշխանություն. «Իրենք են ստեղծել այդ ակնկալիքը, հետեւաբար երկխոսություն պետք է լիներ, ոչ թե բռնություն, ոչ թե բերման ենթարկվածներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ