Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ ««Ոչ մոնոպոլիզացմանը», «Կառավարությունն աջակցում է գործազրկությանը», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» եւ այլն:
Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:
Հատկանշական է, որ հարկային նման փոփոխությանը դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: