Թեեւ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի հանքի հարցով կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան, սակայն ՀՀ կառավարությունը դեռեւս չի շտապում այս հարցի առնչությամբ հստակեցնել իր դիրքորոշումը:
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միեւնույն ժամանակ, նշվել է, որ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները:
Այս առնչությամբ, NEWS.am-ը հարցեր էր հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին, թե որոնք է խնդրի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը եւ հետագա քայլերը: Արդյոք Հայաստանի կառավարությունն արդեն ունի որոշում՝ կապված Ամուլսարի խնդրի հետ: Հայկական կողմը կգնա՞ ընդառաջ Լիդիանին, թե՞ կմերժի հանքի շահագործումը եւ կնախապատրաստվի միջազգային արբիտրաժում հնարավոր քննությանը:
Վարագ Սիսեռյանն ի պատասխան նշել է հետեւյալը. «Նշված հարցերի լուծումները եւ հետագա զարգացումները կախված են ներկայումս «ELARD» ընկերության կողմից անցկացվող համալիր փորձաքննությունից, որը կտեւի մինչեւ այս տարվա մայիս-հունիս ամիսները:
Երբ արդյունքները պատրաստ լինեն, կառավարությունը կորոշի, թե ինչ ուղղությամբ կշարժվի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited եւ Lydian Canada Ventures Corporation Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ ՀՀ կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի եւ Կանադայի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:
«Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները:
Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին, կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան եւ կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որեւէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը»,-ասված է հայտարարությունում: