News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ 2500 տարի առաջ խորտակված նավը, որը Նեղոսի հատակին գտել են ստորջրյա հնագետները, հնարավոր է, առաջին ապացույցն է, որ հռչակավոր պատմաբան Հերոդոտոսը բացարձակապես ճշգրիտ է նկարագրել տեսածը, փոխանցում է RG-ն: 

Հետազոտությունը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի Ծովային հնագիտության կենտրոնի մենագրության մեջ, իսկ այդ մասին  հակիրճ ներկայացված է Science Alert-ում: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը մ.թ.ա. 450 թվականին հրապարակած իր քրոնիկոններում նկարագրել է բեռնատար նավի բարիս տեսակը:

Կառուցվածքին նա նվիրել է մի ամբողջ 23 տող: Հերոդոտոսն անձամբ է տեսել նավը, որն օգտագործվել է Նեղոսով բեռներ տեղափոխելու համար: Նրա գծագրերի համաձայն՝ բարիսները կառուցել են փայտե տախտակներով, որոնք «ներկառուցվել են աղյուսե պատի նման»:

Կարերը կատարվել են պապիրուսով, իսկ ղեկն անցել է ողնափայտի անցքով: Ղեկի նման համակարգ կա նաեւ նավերի փոքր մոդելներում, որոնք գտնվել են փարավոնների դամբարաններում: Սակայն մինչ օրս հնագիտական հասատատում չկար:

2009 թվականին Նեղոսի հատակին հայտնաբերվել է նավերի մի ամբողջ գերեզմանոց, որոնք հնագետներն աստիճանաբար հետազոտում են: Գտածոների թվում է եղել նաեւ լավ պահպանված բարիս: Պահպանվածության աստիճանը հասնում է մոտ 70 տոկոսի:

Այն խորտակվել է մ.թ.ա. 664-ից մինչեւ 332 թվականներն ընկած ժամանակահատվածում Թոնիս-Հերակլիոն նավահանգստի մոտ եւ ստացել է «Նավ 17» պայմանական նիշը: Այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հերոդոտոսի նկարագրությանը: Բացառություն են կազմում միայն կողերը կապող լայնակի գերանները: Բայց գիտնականները չեն բացառում, որ պատմաբանն ուղղակի կառուցվածքը մինչեւ վերջ չի հասկացել:

«Հերոդոտոսը գրում է, որ այդ նավերն ունեցել են ներքին կարճ գերաններ, իսկ հայտնաբերվածում դրանք կարճ են,- ասում է Օքսֆորդի Ծովային հնագիտության կենտրոնից Դամիան Ռոբինսոնը: - Բայց ոչ ոք իրականում չգիտեր էլ, թե դա ինչ է նշանակում: Հնագետները նախկինում նման կառուցվածքներ երբեք չեն գտել»:

Նրա խոսքով՝ լավ պահպանված բարիսի ուսումնասիրությունն ապացուցում է, որ ընդհանուր առմամբ Հերոդոտոսը բավականին ճշգրիտ է նկարագրել նավերի այս տեսակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ