News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Մարտի 18-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանի՝ «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ այս աշխատությունը գրելիս իր գլխավոր մոտիվացիան այն էր, որ համշենահայերի մասին հետազոտություններ շատ քիչ են կատարվել, եւ դա հանգեցնում է Թուրքիայի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման փորձին։ Նա հավելեց, որ մենագրությունում մեկտեղել է համշենցիների հետ կապված բոլոր փաստերը։

«Մասնավորապես՝ ներկայացվել է Համշենի նահանգի 15-17-րդ դարերի քարտեզը, որտեղ նշված են հայկական հոգեւոր եւ կրթական կենտրոնները։ Հետազոտությունները, այդ թվում՝ դաշտային, ցույց են տվել, որ այստեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին»,- շեշտեց նա։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Լուսինե Սահակյանի աշխատությունը չափազանց կարեւոր է համշենահայերի հանդեպ հետաքրքրության աճի ֆոնին, այդ թվում՝ գիտական։

«Համանման հետազոտությունները դժվար պայմաններում են կատարվում։ Սակայն մեր գիտնականների շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում այս հարցին այլ հայացքով նայելու։ Երեւանի պետական համալսարանն ամեն ինչ արել է, որպեսզի այս թեմայով վերջին տարիներին նյութեր ստեղծվեն: Ես՝ որպես պատմաբան եւ հայ, աշխատությունը բարձր եմ գնահատում»,- նշեց ռեկտորը։

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ աշխատությունը պետության եւ գիտական շրջանակների համագործակցության լավ օրինակ է, Թուրքիայի ու Ադրբեջանի վարած կեղծ քարոզչությանն արժանի պատասխան։

Միջոցառման շրջանակում ելույթ ունեցան համշենցի երգիչ Գյոքհան Բիրբենը, ինչպես նաեւ Արտո Թունջբոյաջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ