News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այնպես չի, որ ինձ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում այս սրճարանի վրա, այստեղ կանաչով եմ ներկում, մյոսը՝ դեղինով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Օպերայի հարակից տարածքում ապամոնտաչժվեցին ընդամենը երկու սրճարաններ, իսկ մյուսները մնացել են, որոնցից մեկն էլ ըստ մամուլի տեղեկությունների պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Փաշինյանը նշեց, որ որքան ինքը տեղյակ է՝ դա իրավական ձեւակերպումների խնդիր է. «Օրինակ, մի մասի դեպքում, ես գիտեմ, որ երբ որ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել միակողմանիորեն լուծել պայմանագիրը, լուծել է: Այն դեպքում, երբ որոշակի այլ իրավական ձեւակերպումներ կան, դիմել է դատարան, եւ ես կարող եմ հավաստիացրել, որ բոլոր այն դեպքերում, որ կլինի հնարավորություն սկսել գործընթաց եւ տարածքն ազատել սրճարաններից, բոլոր այդ դեպքերում համապատասխան որոշումները կկայացվեն:

Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, եթե այդ սրճարաններից մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու»,-հայտարարեց վարչապետը:

Նույն խնդրի առնչությամբ եւս մեկ հարց հնչեց, թե արդյոք շահարկումներից խուսափելու համար ավելի ճիշտ չի լինի այսուհետ հրապարակել ճանապարհային քարտեզ, թե որ տարքծքներն են զավթվել են, որ այգիներում, որոնք պետք է ազատվել, այդ թվում օղակաձեւ զբոսայգում:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց հետեւյալը. «Դա քաղաքապետարանի իրավասության ոլորտում գտնվող հարց է եւ ես համոզված եմ, որ այդ գործողության մեջ որեւէ կողմնապահություն, շահադիտականություն, որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Եթե ես տեսնեմ, որ այդ գործընթացում այդպիսի դրսեւորումներ են ի հայտ գալիս, ես իմ գործողությունները կանեմ, իմ ազդեցության հնարավորությունները կօգտագործեմ»:

Նա խորհուրդ տվեց թերթել այն ժամանակվա մամուլը, երբ Օպերայի տարածքում սրճարաններ էին կառուցվում. «Մարդիկ ցույցեր էին անում: Այսինքն բոլորին պարզ էր ինչ է տեղի ունենում: Մենք նորմա՞լ ենք համարում Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածքներ վարձակալելը: Ես դա լրատվամիջոցներից եմ դա լսել: Էդ ովքե՞ր են: Ուզում են ասել, որ բացի մատների կեսի վրա հաշված մարդկանցից, որեւէ մեկը կարող էր Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածք վերցնե՞լ: Բա եկեք վերահաշվարկ անենք, թե դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, թող այդ գումարը վերադարձնեն պետական բյուջե:

Իսկ ընդհանուր առմամբ, ինձ համար կապ չունի, Օղակաձեւ զբոսայգում է, թե որ զբոսայգում է: Ես համոզված եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենա օրինական հիմք տարածքը վերադարձնել երեւանցիներին, նա դա կանի»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Դալմայի այգիներին. «Մենք, օրինակ, ունեինք ներդրումային ծավալուն ծրագիր կապված Դալմայի այգիների հետ: Երբ ես տեսա, որ անընդհատ շատ լուրջ այդ տարածքների նկատմամբ հետաքրքրություններ են լինում, ես քաղաքապետին ու բնապահպանության նախարարին գրություն գրեցի, որ այդ տարածքներում պետք է բացառել որեւէ շինարարություն, բացի որոշ կտոր տարածքներից, որոնք սեփականաշնորհված են: Այդ տարածքներում պետք է իրականացվեն բարեկարգման աշխատանքներ եւ այդ տարածքներում պետք է լինեն հնարավորինս բնական վիճակին մոտ քաղաքային այգի, եթե այլ նպատակներ այդ տարածքը չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ