Հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը փոխում է բանակցային գործընթացի ձեւաչափը, իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանություն է։ Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ)։
«Եվ սա միայն Ալիեւը չի ասում։ Հայաստանում նույնպես ասողներ կան։ Բայց սա ոչ թե ձեւաչափը փոխելու, այլ ձեւաչափը վերականգնելու առաջարկություն է։ Եվ որպեսզի իմ խոսքերը մերկապարանոց չհնչեն, մի քանի փաստ բերեմ»,- նշեց վարչապետը։
Սկզբում նա հիշեցրեց, որ երբ ձեւավորվել է Մինսկի խումբը, կոնֆերանսին հրավիրված հնարավոր մասնակիցների թվում կազմակերպության ընդունած փաստաթղթում ընդգծվել է ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչների մասնակցությունը որպես շահագրգիռ կողմեր։ 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է երեք՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմից։ Դրանում հստակ նշված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը։ «Հայաստանը, ի դեպ, նույնպես նշված է, եւ ստորագրել է փաստաթուղթը ՀՀԿ ներկայիս ղեկավարը»,- նկատել է Փաշինյանը։
1994 թվականի դեկտեմբերին ընդունվել է Բուդապեշտի հռչակագիրը, որի գլուխներից մեկը նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը։ Այնտեղ ասվում է, որ ֆորումի մասնակիցները ողջունում են հակամարտող կողմերի ստորագրած հրադադարի համաձայնագիրը։ Այնուհետեւ, գործող նախագահ (այն ժամանակվա) Կովաչի հայտարարությունը 1995 թվականի մարտին՝ Պրահայում հանդիպման արդյունքների հիման վրա։ Այնտեղ ասվում է, որ գործող նախագահը հաստատում է ԵԱՀԿ նախորդ որոշումը բանակցային գործընթացին եւ Մինսկի կոնֆերանսին երկու պետությունների եւ այլ կողմի (ԼՂ) մասնակցության մասին։ «Սա համաձայնեցված եւ միջազգային մակարդակով ճանաչված ձեւաչափ է։ Այսինքն՝ նրանք, ովքեր խոսում են ձեւաչափի փոփոխության մասին, վատ են տեղեկացված դրա մասին»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա չխոսեց այն մասին, թե ինչպես պատահեց, որ ԼՂ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից. «Չենք խոսի, թեեւ բոլորս գիտենք ում մասին է խոսքը»։