News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմ ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, որի մասին առավոտյան տեղեկանք եմ ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա արձանագրված է ՄԱԿ-ի եւ եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձեւակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը: Նա արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որեւէ հարց չի կարող լինել: Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ-ի մակարդակով ճանաչված գործիք է, որ կարող է  կիրառվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ դեռեւս 2015-ին Հայաստանի միջազգային գործընկերները ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիմզը Հայաստանում ներդրվի, եւ գործող իշխանությունն աշխատում է այդ ուղղությամբ:

«Այսօր որոշ պետական մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակեն: Որո՞նք են այդ կառույցները եւ այդ մարդիկ, նրանք են, որոնք իմ նկարագրած հարյուրապետերի, հազարապետերի մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում ու հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից: Մենք ի՞նչ պետք է անենք. պետք է 1-2 ասենք, եթե տեսնենք հետեւություններ չեն անում, ասենք՝ գնացեք ձեր գործին»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ իր կարծիքով, այդ մեխանիզմը պետք է ներդվի Հայաստանում. «Այսօր մեր հանրությունը մեզնից դժգոհ է, որ կոռուպցիայի, գողացվածը վերադարձնելու գործում այնքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում: Որովհետեւ եթե սովորական ընթացակարգերով գնանք, սա կարող է տասնյակ տարիներ տեւել:  Ըն որում, դա չի վերաբերում միայն նախորդ իշխանություններին: Դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ ես պետք է ապացուցեմ, որ այս գույքը, որ ձեռք եմ բերել, օրինական է»,-ընդգծեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմախոսներն ասում են, որ նման մեխանիզմի կիրառումը ներդրումների համար կարող է խոչընդոտ լինել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ախր էդ քննադատները ներդրումներով չեն մտահոգված, նրանք հիմա մտածում են՝ բա էս դաչաս ինչ է լինելու, բա էն Հյուսիսային պողոտայի 3 հարկը որ ունեմ, ինչ է լինելու, էն հեկտարներով հողատարածքները ինչ են լինելու: Բռնագանձվելու է, ինչ է լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ