News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի անդամների շռայլ ծախսերի մասին հնչող քննադատությունների մասին հարցին։

«Երբ ես եղել եմ գործազուրկ եւ, այսպես ասած, ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը ինձ հետ է եղել եւ իմ կողքին: Երբ ես զրոյից ստեղծելիս եմ եղել լրատվամիջոց, իմ ընտանիքը կողքիս է եղել, երբ իմ դեմ տեռոր էր իրականացվում, քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ ես հանրահավաքներ եմ անցկացնելիս եղել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Եվ այդ ակնկալիքի հեղինակները նրանք են, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանում ավանդական արժեքների, ընտանեկան արժեքի պահապաննե՞ր»,– ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նույն կերպ կարելի էր քննադատել նաև իր ընտանիքի՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելու փաստը։

«Հիմա իմ ընտանիքն ապրում է կառավարական առանձնատանը եւ այն պահվում է պետական միջոցներով: Այդպես է: Ես այն ժամանակ որոշում կայացրեցի տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետեւ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ այդ կառավարական առանձնատունը երկրում պետական իշխանության ամենակարեւոր սիմվոլներից մեկն է, եւ այդ պահին այնտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը: Դա նույնն է, որ ես վարչապետ ընտրվելուց հետո ասեի՝ չեմ գնում, Բաղրամյան-26-ում չեմ աշխատում, հանրապետության հրապարակում խփած վրանից շարունակելու եմ վարչապետություն անել:

Այնպես չի, որ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում: Մենք նույնիսկ ընտանիքով լրջորեն քննարկել ենք, թե արդյոք մեզ պետք է շարունակել այնտեղ լինել, թե պետք չի: Այս առումով բազմաթիվ հարցեր են առաջանում. պետական բյուջեի միջոցներից այդ գումարները շարունակելու են ծախսել: Մենք պետք է որոշենք՝ օտարո՞ւմ ենք այդ առանձնատունը, թե շարունակում ենք թողնել պետական: Եթե շարունակում ենք թողնել պետական, այդ պահպանության անձնակազմը, որ ամեն օր գալիս է, ինչի՞ համար են գալիս, եթե դատարկ է առանձնատունը: Հաջորդը, այդ առանձնատան բոլոր դատարկ շենքերն ունեն նորոգման կարիք: Հիմա պե՞տք է դրա համար միջոցներ տրամադրենք, թե ոչ»,– ասաց նա:

Տպել
Ամենաշատ