News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Այս մասին մարտի 19-ին ուղիղ եթերում հայտարարել է նա ազգին հղած հատուկ ուղերձում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Կասիմ-Ժոմարտու Տոկաեւին:

«Ես դժվար որոշում եմ ընդունել»,- ասել է Նազարբաեւը: «Ես անկախ երկրի առաջին նախագահը դառնալու մեծագույն պատվին եմ արժանացել»,- նշել է նա իր ելույթում:

«Մենք ձեզ հետ միասին կարողացանք ԽՍՀՄ փլատակների վրա հաջող պետություն կառուցել, մենք ունենք մեր դրոշը, մեր զինանշանը»,- շեշտել է Նազարբաեւը, փոխանցում է Nur.kz-ը:

Նա նաեւ նշել է, որ մնում է Անվտանգության խորհրդի նախագահը, «Նուր Օթան» կուսակցության նախագահը: «Մինչեւ կյանքիս վերջին օրը կլինեմ ձեզ հետ, կծառայեմ, ժողովրդի հոգսերը իմ հոգսերն են մնում»,- նշել է Նազարբաեւը:

Նուրսուլթան Նազարբաեւը, որն այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին եւ միակ նախագահն է: 1991 թվականից, երբ հանրապետությունն ինքնիշխանություն ձեռք բերեց, մի քանի անգամ հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, վերջին անգամ (արտահերթ ընտրություններում) 2015 թվականի ապրիլին՝ ստանալով ընտրողների ձայների 97,75 տոկոսը: Նրա նախագահական լիազորությունների ներկայիս ժամկետը լրանում է 2020 թվականի ապրիլին:

2007 թվականին երկրի խորհրդարանը նրան՝ որպես առաջին նախագահի իրավունք էր վերապահել բարձրագույն պետական պաշտոնին առաջադրվել անսահմանափակ քանակությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ