News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այն, որ այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավելի դրամի չափով վարկ է փակում, պարզվեց տվյալների համադրությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ քրեական գործերի հարուցման արդյունքում, նախաքննության արդյունքում պարզվեց, որ անարդար կերպով սոցիալական կամ ընտանեկան նպաստ է նշանակված, այդ հարցը ծագեց եւ բանկային տվյալների համադրությամբ այդ խնդիրը բացահայտվեց»,–ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ինքը հրապարակել է այդ տվյալները՝ ցույց տալու համար, որ այդ հարցով ուսումնասիրություններ են կատարում. «Դա մի իրավիճակ է, երբ, բնականաբար, թափանցիկության տրամաբանությունից ելնելով եւ նաեւ հանրությանը ներկայացնելու համար՝ ես հարկ եմ համարում մի շարք աշխատանքային տեղեկատվություն կիսել մարդկանց հետ։ Կան տեսակետներ, որ պետք է դնել եւ կտրել այդ մարդկանց նպաստը, եւ կան տեսակետներ, որ հո՛պ, այդպես չէ, պետք է մի հատ հասկանալ, թե ինչ է»։

Փաշինյանը, սակայն, շեշտեց՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ժամանակ հանդիպել է մի ընտանիքի, որն իսկապես սոցիալապես անապահով է եղել, սակայն հանգամանքների բերումով ստիպված է եղել վարկ վերցնել.  «Եթե մարդը  նպաստառու է եւ ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, այդտեղ ակնհայտ է, որ ինչ–որ մի բան այն չէ։ Բայց եթե 100 հազար կամ 200 հազար դրամ վարկ է փակում, հնարավոր է, որ այստեղ չարաշահում չէ։ Օրինակ, Ռանչպար գյուղում ես հանդիպեցի այդպիսի մի ընտանիքի, որը նպաստ էր ստանում եւ ամսական 150 հազար դրամ վարկ էր փակում։ Այդ ընտանիքի օրինակով ես տեսա, որ այո, հնարավոր է ընտանիքը լինի սոցիալապես անապահով, չափանիշներին համապատասխանի, բայց ինչ–ինչ հանգամանքների բերումով այնպիսի իրավիճակի մեջ հայտնված լինի, որ ստիպված լինի դա անել։ Հիմա 300 հազարի դեպքում այդպե՞ս է, թե՞ ոչ, պետք է հասկանալ»։

Նա նաեւ շեշտում է՝ իրենց նպատակն է բարձրացնել համակարգի արդյունավետությունը. «Մենք չենք ուզում փակ աչքերով բոլորին ամեն ինչից զրկել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք համակարգն ավելի արդյունավետ դարձնել։ Եթե մարդը Երեւանի կենտրոնում բնակարան է գնել եւ ամիսը 1 մլն հիփոթեքային վարկ է  փակում, մենք իրեն ուզո՞ւմ ենք աղքատության նպաստ տալ»։

Եկամուտների հայտարարագրման մասով Փաշինյանը նշեց, որ  Հայաստանում ամեն ինչ լայն քննարկումների արդյունքում պետք է տեղի ունենա, սակայն հայտարարագրում դեռ չի նշանակում հարկում։ «Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ապա հայտարարագրում դեռ չի նշանակում հարկում, որովհետեւ հնարավոր է մենք հայտարարագրում ենք ամեն ինչ, բայց ամեն ինչ չի, որ հարկվում է»։

ՀՀ վարչապետը հավելեց, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ քաղաքացիները պետք է թափանցիկ լինեն. «Ասում են թոշակները, նպաստները, աշխատավարձերը պետք է բարձրացնել, ճանապարհներն ու դպրոցները պետք է վերանորոգել, ասում ենք՝ շատ լավ, հարկային եկամուտները պետք է ավելացնենք, ասում են՝ ոնց, հարկ պիտի վճարենք դրա համար։ Մենք այս իրավիճակը պետք է փոխենք։ Երբ քաղաքացին կառավարությունից պահանջում է լինել թափանցիկ, կառավարությունը իրավունք ունի ակնարկել, որ ինքն էլ քաղաքացուց է ակնկալում, որ նա լինի թափանցիկ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել