News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զարթոնք համայնքի ղեկավարի հետ եկել ենք նախնական պայմանավորվածության, որ եթե լինի համայնքի բնակչության մեծամասնության ստորագրությունը,  ապա գյուղապետը կտա հրաժարական: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, նշելով, որ մի քանի անգամ հորդորել է ցուցարարներին համագործակցել մարզպետարանի հետ:

«Համայնքի բնակիչների հետ երեք անգամ հանդիպում է նշանակվել, և երեք անգամն էլ իրենք չեն ներկայացել: Գնացել են կառավարություն, կառավարության աշխատակիցները հեռախոսով կապվել են ինձ հետ, զանգահարել եմ, որ խոսեմ համայնքի բնակիչների հետ, բայց իրենք ինձ հետ չեն համաձայնվել խոսել»,- ասաց մարզպետը:

Մարզպետի խոսքով՝ մի անգամ ցուցարարների հետ  ունեցել են հանդիպում: Ինքը հորդորել է, որ միայն փաստերով խոսեն, և ներկայացնեն մեծամասնության խոսքը, սակայն մարզպետի հորդորը այլ կերպ են ցուցարարները մեկնաբանել:

«Ես հորդորում եմ իրենց շարժվել օրինական ճանապարհով: Ասել ենք՝  կբերեք, կփաստեք, որ  համայնքի բնակչության մեծամասնությունը դժգոհ է համայնքապետից: Ստորագրությունները լիազորում են մարզպետին, որպեսզի մարզպետարանը կարողանա գյուղապետի և ցուցարարների միջև քննարկումներ անցկացնելով՝ հարցին լուծում տա:  Հանդիպել եմ համայնքի ղեկավարին: Եկել ենք նախնական պայմանավորվածության. կլինի ստորագրահավաք համայնքի բնակիչների մեծամասնությամբ, դա կներկայացնեմ համայնքի ղեկավարին, և քննարկումներից հետո կլինի հրաժարականը, ինչպես եղել է Արմավիրի մի շարք համայնքներում»:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը մեղադրելով նրան մի շարք անօրինականությունների մեջ:

Տպել