News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անիի համայնքապետարանը փակած ցուցարարները, որոնք պահանջում են համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը, մտադիր են բացել համայնքապետարանի առաջին հարկը, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել սոցիալական ծառայություններից։ Այս մասին նրանք ասել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որը ընդունել էր նրանց՝ քննարկելու ստեղծված վիճակի ելքերը։

Մարզպետը ներկայացրել է իշխանության մոտեցումը, նշել է, որ իրավական մեխանիզմներ են մշակվում, որոնք հնարավորություն կտան բնակչությանը շատ ավելի ակտիվ դերակատար դառնալ համայնքներում եւ խնդրիների դեպքում իրավական գործիքներ կիրառել․ «Աշխատանքներ են տարվում ստեղծելու այդ իրավական հիմքերը»,- տեղեկացրել է Տիգրան Պետրոսյանը, բայց թե երբ կմշակվեն դրանք, դժվարացել է պատասխանել։

Բնակիչները նշել են, որ համայնքապետին անվստահություն հայտնելու համար ընտրողների 50 + 1 տոկոս ստորագրություն հնարավոր չէ հավաքել, քանի որ շատերը Հայաստանում չեն բնակվում։ Նրանք առաջարկել են մարզպետին միջնորդություն ներկայացնել, որպեսզի նկատի առնվի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը։

Նաեւ տեղեկացրել են, որ 9603 ընտրողից հավաքել են 4246 բնակչի ստորագրություն, որոնք պահանջում են համաքապետի  հրաժարականը, եւ այդ ցուցակը հանձնել են կառավարությանը։

Բնակիչներից մեկը նշել է, որ համայնքը հիմա գտնվում է քաոսի մեջ․ «Մեզ հետ համայնքապետը լեզու գտնել չի փորձում, նրա դիրքորոշումը մեկն է՝ հրաժարական տալ չի ուզում», այնուամենայնիվ, իրենք մտադիր են քննարկել եւ բացել համայնքապետարանի առաջին հարկը, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել սոցիալական ծառայություններից․ «15 օր համայնքապետարանը փակ է, ելումուտ չկա։ Համայնքապետը չի մտնելու համայնքապետարան, մենք դա թույլ չենք տա, բայց թույլ ենք տալու, որ մյուս կառույցները աշխատեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, իշխանափոխությունից հետո Անի համայնքի կենտրոնում՝ Մարալիկ քաղաքում, պարբերաբար ցույցեր են տեղի ունեցել եւ առ այսօր շարունակվում են․ ցուցարարները պահանջում են հանրապետական համայնքապետ  Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Տպել