News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ ձեւավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարեւորելով դրա շարունակականության ապահովումը։

Դեսպան Պապիկյանը նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները եւ բարեմաղթանքները: Ի պատասխան` նախագահ Վան դեր Բելլենը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները եւ այդ առումով ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների եւ հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:

Ավստրիայի դաշնային նախագահի խնդրանքով, Արմեն Պապիկյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ տարածաշրջանին առնչվող խնդիրներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել