News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետության դերը նաև ՀԿ-ների լավագույն փորձը որդեգրելու և գործարկելու մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչներին ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մեզ համար շատ կարևոր է նախարարության դերակատարության վերաբերյալ հասարակական ընկալումների հստակեցումը: Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող, հիմնականում խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույց, մինչդեռ մեր հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը», - ասաց նա:

Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել են ոլորտային ռազմավարությունների վերանայման, կառույցի ինստիտուցիոնալ, բովանդակային գնահատման համապարփակ գործընթացներ: Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նոր նախագծի մշակում և այլն.

«Որոշ դեպքերում, օրենսդրական այս նախաձեռնությունները մեր նախարարության անմիջական գործունեության առարկան չեն, սակայն մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը: Մեզ համար սկզբունքն այն է, որ եթե կա մարդու իրավունքի իրացման խնդիր, մենք պետք է լուծենք այն»:

Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր նախաձեռնություններն իրականացվելու են լայն հանրային քննարկումների համատեքստում: Խոսքը ոչ միայն առցանց տիրույթում ընթացող քննարկումների մասին է, այլև՝ շահառուների և ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դեմ առ դեմ հանդիպումների:

«Մեր աշխատանքում առանցքային կարևորություն ունեն միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև՝ եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և զարգացումը: Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք մեզ համար կարևորագույն 2 խնդիրների՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդելի մշակման հարցում: Կարող եմ ասել, որ Առողջապահության և Կրթության և գիտության նախարարությունների հետ գրեթե ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որովհետև հասկանում ենք, որ խնդիրներին համակարգային լուծումներ են պետք», - ասել է նախարարը:

ԲՀՀ Մարդու իրավունքների նախաձեռնություն կազմակերպության տնօրեն Էմիլի Մարտինեզը նշել է, որ ոգևորված է ոլորտում մարդակենտրոն փոփոխություններ կատարելու այսօրինակ պատրաստակամությամբ: Ըստ նրա՝ ներկայացված նախաձեռնությունները բարդ են և բազմաշերտ, սակայն այն, որ դրանց իրականացման համար կա քաղաքական կամք, արդեն իսկ ոգևորիչ է.

«Դուք նախաձեռնել եք բարդ, բայց անհրաժեշտ, իրավունքի տեսանկյունից այլընտրանք չունեցող փոփոխություններ: Արդյունքներն, իհարկե, տեսանելի չեն լինի շատ կարճ ժամանակում, բայց դրանք կլինեն հիմնավոր և մնայուն: Այս փոփոխությունների նախաշեմին պատրաստ ենք աջակցել ձեզ՝ կիսելով մեր կուտակած փորձը», - ասել է Էմիլի Մարտինեզը:

Տպել
Ամենաշատ