News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փոխանակման կետերի ու գրավատների մեծ մասը, եթե ոչ բոլորը կփակվեն, փոքր ու միջին բիզնեսի աճ չի լինի, մեզ խեղճացնում են, դրա համար ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, որովհետեւ եղել են կառավարությունում հանդիպումներ, ոչ մի պատասխան չեն տվել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեցին գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

«Չենք ուզում ուրիշ քայլեր անենք, էնքան ենք հավաքվելու, մինչեւ հանդիպենք վարչապետին: Մեր կարծիքով, իրեն սխալ տեղեկություններ են հասնում, ըստ երեւույթին: Սրա հետեւանքը արտագաղթն է լինելու: Մենք ուզում ենք գնանք կոմպրոմիսի, որ քիչ բարձրացնեն տուրքը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նշեց, որ երեկ, առանց իրենց ներկայացուցիչների, կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, քննարկել են հարցը եւ, ըստ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը բացառել է որեւէ փոխզիջում. «Պնդել են, որ սահմանված 3 միլիոն դրամն օրինական ու օբյեկտիվ է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է պետական տուրքը բանկի մասնաճյուղի դեպքում բարձրանալ ընդամենը 1.5 անգամ, բանկերի դեպքում՝ 2.3, իսկ մեր դեպքում՝ 6000 տոկոսով: Փաստորեն, ԿԲ-ն առայժմ անդրդվելի է, ինչպես հասկանում ենք՝ Կառավարությունում մեզ լսող չկա, բայց այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու քննարկում այս հարցի շուրջ, որտեղ ներկա են լինելու մեր ներկայացուցիչները: Կոնկրետ խնդրում են, որպեսզի թողնեն՝ աշխատենք: Մենք պարտաճանաչորեն բոլոր վճարումները կատարում ենք, հարկ ենք վճարում մոտ 300.000-500.000 դրամի չափով»,- ասաց տարադրամի փոխանակման կետի ներկայացուցիչ, անհատ ձեռնարկատեր Սամվել Մովսիսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ իջավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղը կառավարությունում հանդիպում կկազմակերպվի իրենց հետ, որին սակայն վարչապետը ներկա չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ