News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավթաշենի թաղապետարանի շենքում տարածքների վաճառքն իրականացվել է 1996 թվականից սկսած, իսկ վերջին հատվածը վաճառվել է 10-12 տարի առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե Դավթաշենի թաղապետարանի շենքի կեսը Երեւան համայնքին չի պատկանում։

«Դավթաշենի թաղապետարանում 8-10 բնակիչ տներ են կառուցել, ապրում են, ծրագրավորման ընկերություն կա։ Այս հատվածները տարբեր մարդկանց վաճառվել են 1996 թվականի սկսած։ Վերջին տարածքը 10-12 տարի առաջ է վաճառվել։ Ասեմ ավելին՝ ես իմ ղեկավարման տարիներին փորձել եմ մնացած հատվածի համար էլ լավ գնորդ գտնել ու վաճառել, որովհետեւ համարում էի, որ այդ շենքը նպատակահարմար չէ վերանորոգել, ավելի լավ է  վաճառել  եւ նոր շենք կառուցել»,–նշեց նա։

Վարչական շրջանի նախկին ղեկավարը մանրամասնում է՝ մտադրվել էր թաղապետարանի նոր շենք կառուցել վարչական շրջանի կենտրոնական հատվածում. «Ես գտնում էի, որ այդ 6-7 հազար մետր հողատարածքով 2-3 հազար քառ. մետր շենքը, որի վրա մոտավորապես 150-200 մլն փող պետք է ծախսվեր վերանորոգման համար, ավելի լավ էր վաճառվեր, այդ վաճառքի գումարով կառուցվեր նոր շենք, ավելի կենտրոնական տեղում, որ մեր գույքն առավել արդյունավետ օգտագործվեր։ Ցավոք սրտի գնորդ չկարողացա ճարել»։

Ռուսլան Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ չնայած տարածքը գնել էին, սակայն վարչական շրջանի իրեն նախորդած ղեկավարի եւ գնորդի միջեւ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ համայնքն է շահագործելու այդ տարածքը, իսկ պայմանավորվածությունը, նրա խոսքով, մինչեւ վերջ պահպանվել է. «Թաղապետարանի շենքը ոչ նորմալ պատուհաններ ուներ, ոչ էլ ջեռուցվում, եւ գնորդներից մեկը, որը գնել էր վերջին հատվածը՝ 300 քառ. մետրը, պարտավորվել էր նաեւ իր միջոցներից ջեռուցել ամբողջ շենքը, այդ թվում՝ այն հատվածը, որը պետական է եւ որտեղ նոր եկածները տաք–տաք նստում են, ինչպես նաեւ պատուհանները փոխել է, չհաշված, որ բակային տարածքն է ամբողջությամբ հիմնանորոգվել։ Բացի այդ, բանավոր  պայմանավորվածության արդյունքում այդ մարդը թույլ է տվել իր գնած շենքում 10 տարի համայնքին գործունեություն ծավալել։ վա՞տ գործարք է եղել»։ 

Ռուսլան Բաղդասարյանը պնդեց՝ իր ղեկավարման շրջանում ամեն ինչ արվել է օրենքով, իսկ թաղապետարանի տարածքներն էլ վաճառվել են ըստ ավագանու որոշման, ուստի ոչ ինքը, ոչ մյուս թաղապետերն «անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն». «Նախորդ թաղապետերից ոչ ոք անհանգստանալու խնդիր չունի, թաղապետարանի շենքի այդ հատվածի վաճառքն իրականացվել է ավագանու որոշմամբ, թաղապետը չէր կարող վերցնել ու ինչ–որ բան վաճառել»։  

Նա թաղապետարանի շենքերի մասին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերը որակեց «փոթորիկ 1 բաժակ ջրում»։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երեւան համայնքին չի պատկանում՝ հավելելով, որ փաստի առիթով նյութեր են պատրաստվել եւ փոխանցվել քննչական մարմիններին:

Տպել
Ամենաշատ