News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին այսօր՝ մարտի 20–ի առավոտյան, զանգահարել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանը։

«Զանգեց, առավոտն եմ խոսել, ամեն ինչ ասել եմ, ասել եմ, որ մամուլի ասուլիս կտամ»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի  ժամանակ լրագրողներից մեկի կողմից հարց էր հնչել Գյումրիում փողոցաշինության ու  անօթևանության հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Վարչապետը խոստացել էր կապվել Գյումրու քաղաքապետի հետ։

Սամվել Բալասանյանը նշել է, որ վարչապետին ներկայացրել է իրավիճակը։

«Շինարարությունը, որ պետք է կատարվի, և շինարարության ժամանակ, բնականաբար, կլինի թոզ, կլինի ցեխ, կլինի նաև՝ ժողովրդին ինչ-որ տեղ անհանգստացնելը, որի համար ես մի քանի անգամ նույնիսկ խնդրել եմ, որ հարգելի գյումրեցիներ, եղեք համբերատար»,- ասել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ փողոցաշինության ընթացքին խոչնդոտում են նաև քաղաքի տարբեր հատվածներով անցնող կապի ու էլէկտրական մալուխները։ Շինարարները հաճախ հենց այս խնդրին են բախվում։ Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս ընթացքում հնարավորինս նվազեցվել է նաև ջրահեռացման համակարգի և կոմունիկացիոն բնույթի մի շարք խնդիրներ։

Նշենք, որ ընտրված  34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ անհանգստությունը բացառելու համար,  այս անգամ քանդելու են ոչ թե  մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ`  նախ մայթերը, ապա  փողոցները:

 «Մինչ այս, երբեք  նման աշխատանքներ նման ծավալով չեն կատարվել: Ոչ մի խնդիր չունենք՝ փողը կա,  նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա 3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո  քաղաքում շուրջ 11 հազար 500  լուսացույց է տեղադրվելու»,– ասել է Բալասանյանը։

Խոսելով անօթևանության հանձնաժողովի մասին` քաղաքապետը նշեց, որ հանձնաժողովը վարչապետին տվյալները ներկայացնելու է հունիսի 30-ին, սակայն մինչև այդ  Գյումրու քաղաքապետարանն արդեն ունի իր տվյալները. այս պահին Գյումրիում կա 2805 տնակ, դրանցից 451 չբնակեցված են, 410–ը` քարաշեն, իսկ 321–ը` կիսաքարաշեն:

«Մենք էլ քաղաքապետարանում մեր ներքին հանձնաժողովն  ենք ստեղծել, որը աշխատում է ամեն օր, իսկ տնակներում բնակվողների կոնկրետ թիվը ճշտելու համար դիմել ենք  էլեկտրական ցանցերին»,-նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ