News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ավշար գյուղի դպրոցի ուսուցիչները պատրաստ են բոլորը դուրս գալ աշխատանքից, իսկ դպրոցում սովորող 500 աշակերտների ծնողներ՝ այլ դպրոց տեղափոխել  իրենց երեխաներին, եթե իրենց պահանջը չբավարարվի, և դպրոցի նոր  տնօրենը չհեռացվի։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցիչները։

Նրանք այս մասին ասել են նաև նախօրեին՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի արդյունքներից ուսուցիչները դժգոհ են։

«Մարզպետի հետ հանդիպմանը սպասել ենք հենց առաջին օրվանից, սակայն հանդիպման են հրավիրել միայն 10 օր տեւած գործադուլից ու դասադուլից հետո։ Մարզպետը հորդորում է գնալ փոխզիջումների, այսինքն՝ հարմարվել եւ աշխատանքները շարունակել, իրենք զիջում են, որ ոչ ոքի աշխատանքից չեն ազատում, իսկ մենք էլ լուռումունջ գնում ենք։ 10–րդ օրը նոր որոշել ա, որ փոխզիջումների պետք ա գնալ, բա 10 օր ու՞ր էիր»,– ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը։

Ուսուցիչներր մարզպետի առաջարկը չեն ընդունել, պնդում են, որ չեն ցանկանում աշխատել նորընտիր տնօրենի հետ։

«Անհնարին է աշխատել մի մարդու հետ, երբ այսքան փոխադարձ վիրավորանքներ են եղել, այսքան ուսուցիչների ստախոս է անվանել՝ ստահակ եւ այլն։ Վերջապես կարելի է 35 մանկավարժի եւ 15 տնտեսական աշխատողի կարծիքը հաշվի առնել»,– ասաց Հովսեփյանը։

Ուսուցիչների խոսքով՝ մարզպետը հայտարարում է, թե իրենց դժգոհության հետևում քաղաքական ուժեր կան կանգնած, մասնավորապես, ակնարկելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին։

«Ես մի հատ ձայն եմ ունեցել, իմ ձայնը տվել եմ Գարիկ Սարգսյանին՝ ներկայիս մարզպետին։ Եթե էդ մարդիկ մեր հետեւում կանգնած լինեին, 3 հատ մեծ գործարան ունեն՝ հազարավոր աշխատակիցներ,  էդ աշխատակիցները դուրս կգային, մեր կողքին կկանգնեին, մարզպետի հրաժարականը կպահանջեին, կվերջացնեինք»,– ասաց Հովսեփյանը՝  ընդգծելով, որ Ավշարի գյուղապետը նախկին մարզպետի եղբայրն է, բայց նա նույնպես խնդրին չի անդրադարձել։

Մարզպետի հետ հանդիպման ժամանակ  ներկա է եղել նաև նորանշանակ տնօրենը։

«Նա ոչ մի հարցի չէր պատասխանում, իրեն ուղղված բոլոր հարցերը մարզպետը վերցնում էր իր վրա, եւ այդպես էլ ոչ մի պատասխան չէինք սստանում»,– ասաց Հովսեփյանը։

Ծնողների խոսքով՝  մարզպետարանում կոշտ են արձագանքել իրենց այն հայտարարությանը, որ ծնողները պատրաստ են դպրոցից հանել իրենց երեխաներին։

«Թող վերցնեն, թող տանեն, թող 100 աշակերտ ձեր դպրոցից պակասի, ձեր նյութականի համա՞ր եք անհագստանում»,– ըստ ուսուցիչների, իրենց ասել են մարզպետարանում։

Ուսուցիչները պատմեցին, որ մարտի 1–ին, երբ տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, և մեծամասնության «կողմ» ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ Հերմինե Անդրեասյանը, իրենց առաջին արձագանքը ուրախությունն է եղել. «Հերմինե Անդրեասյանը Արտաշատի Ազատավան գյուղում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի։ Մենք բոլորս ուրախացանք, ողջունեցինք, որովհետեւ թարմ շունչ է, երիտասարդ աղջիկ է՝ 33 տարեկան, բայց այս մեր ուրախությունը տեւեց ընդամենը մի քանի ժամ»։

Դրանից հետո նորանշանակ տնօրենն իր մոտ է կանչել ուսումնական գծով փոխտնօրեն Մարտիրոսյանին եւ առաջարկել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում փաստարկներ կգտնի՝ նրան աշխատանքից ազատելու համար։

«Ընկեր Մարտիրոսյանը, քանի որ ինքը շատ բարի է եւ շատ մեղմ անձնավորություն է, արցունքն աչքերին արդեն հավաքում էր իր փաստաթղթերը։ Բարձրացանք ընկեր Անդրեասյանի մոտ, որպեսզի իրավիճակը շտկենք, իսկ ընկեր Անդրեասյանը շատ հանգիստ ասաց, որ իր որոշումն անփոփոխ է»,– ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանը։

Այս վերաբերմունքից հետո էլ ուսուցիչները սկսել են գործադուլը, նրանց միացել են նաև աշակերտների ծնողները, և արդեն տասներորդ օրն է՝ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Նորանշանակ տնօրենը դպրոց է գնում ոստիկանների ուղեկցությամբ։ Գրեթե 500 աշակերտ այս պահին դասադուլ է անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

Տպել
Ամենաշատ