News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով Ակորդի մամուլի ծառայությանը։ Հայաստանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Նուրսուլթան Նազարբաեւի դերը ղազախ-հայկական հարաբերությունների կայացման եւ զարգացման գործում՝ փոխշահավետ համագործակցության հիման վրա եւ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների։ «Արմեն Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Նուրսուլթան Նազարբաեւը արդիականության ամենահարգարժան քաղաքական գործիչներից է, որը զգալի ավանդ է ներդրել աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները ապագայում»,- նշում է Ակորդի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 19-ին հայտարարել էր, որ վայր է դնում պետության ղեկավարի լիազորությունները։ Նա կպահպանի երկրի անվտանգության խորհրդի ղեկավարի եւ կառավարող կուսակցության նախագահի պաշտոնները։ Նազարբաեւը նախագահել է մոտ 29 տարի։ Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի։

Նախագահի պաշտոնը լքելով՝ Նազարբաեւը կպահպանի երեք կարեւոր պաշտոն։ Անվտանգության խորհրդի մասին օրենքը նրան՝ որպես երկրի առաջին նախագահի եւ «ազգի առաջնորդի», իրավունք է տալիս ցմահ գլխավորել անվտանգության խորհուրդը։ Բացի այդ, նա կմնա կառավարող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարը, ինչպես նաեւ կշարունակի մնալ սահմանադրական խորհրդի անդամ։   

Նազարբաեւը նախագահ է դարձել 1990 թվականին։ 2015-ի ապրիլին վերընտրվել է հերթական ժամկետով՝ ձայների 97,7 տոկոսով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու էր հաջորդ տարվա ապրիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ