News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ պետ Արա Ֆիդանյանի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը:

Կխնդրեի պատմել Կազմակերպության մասին, այն ինչո՞վ եւ ինչպե՞ս է զբաղվում:

Ինտերպոլը միջազգային խոշորագույն կազմակերպություններից մեկն է եւ ոստիկանական խոշորագույն կազմակերպությունը: Այս պահին Կազմակերպությանն անդամակցում է 194 երկիր: Ինտերպոլի դերը տարեցտարի մեծանում է: Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ ոչ հեռու անցյալում սովորական ներպետական հանցագործությունների դեմ պայքարն իրականացվում էր մեկ պետության ուժերով: Այսօրվա դրությամբ՝ այդ թվացյալ սովորական հանցագործությունները միջազգային բնույթ են կրում: Շատ հանցագործություններ, թե՛ նույնիսկ «ամենահասարակ», ինչպես խադախությունը, թե՛ առավել եւս թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, միջազգային բնույթ են կրում, եւ պետություններն ի վիճակի չեն միայնակ պայքարելու: Եվ այստեղ առաջին պլան է գալիս Ինտերպոլը, որը համակարգում է Կազմակերպության անդամ երկրների համագործակցությունը:

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն Կազմակերպության աշխատանքում կարեւոր տեղ է զբաղեցնում, մասնավորապես՝ չափազանց օպերատիվորեն է արձագանքում բոլոր հարցումներին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկում, միեւնույն ժամանակ արդյունավետորեն համագործակցում ենք ազգային իրավապահ մարմինների հետ: Արդյունքում՝ գրանցվում են բավականին բարձր ցուցանիշներ, ինչի հետ կապված մեծ հեղինակություն ունենք մնացյալ ԱԿԲ-ների շրջանում եւ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում: Սրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի անդամ է, ինչն այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, բավականին լուրջ ձեռքբերում է:

Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը եւ դրա ծավալներին, բնականաբար աշխատանքի ծավալների մեծացմանը զուգահեռ աճում է նաեւ փաստաթղթաշրջանառությունը: Օրինակ՝ 2014 թվականին այն կազմել է 32 794 տեղեկատվական միավոր: 2016-ին՝ 48 586, իսկ 2018-ին՝ 92 183: Թվերն ինքնին խոսուն են:

Հայաստանի նախաձեռնությամբ քանի՞ մարդ է հետախուզվում Ինտերպոլի գծով:

Ինտերպոլի առաջնային խնդիրներից մեկը հետախուզման մեջ եղող անձանց հայտնաբերումն է: Այս պահին ամբողջ աշխարհում միջազգային հետախուզման մեջ է ընդհանուր 161 679 անձ, որոնցից 380-ը Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ: Կազմակերպության այլ անդամ երկրներից գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ԱԿԲ-ն միջոցառումներ է ձեռնարկում՝ ուղղված անձանց հայտնաբերմանը, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ, որոնց շրջանակում անցկացվում են հետախուզման լայնամասշտաբ միջոցառումներ: 2017-ից մինչեւ 2018 թվականը Ինտերպոլի անդամ երկրների տարածքում հայտնաբերվել է 355 անձ, որոնք հետախուզվում էին Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ՝ ծանր, առանձնապես ծանր եւ հասարական հնչեղություն ունեցող հանցագործությունների կատարման մեղադրանքով, որոնցից 262-ը ձերբակալվել է, իսկ 39-ը արտահանձնվել է:

Մեզ համար առաջնային ուղղություն է նաեւ Հայաստանի տարածքում այն անձանց հետախուզումը, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել այլ երկրների նախաձեռնությամբ: Հայաստանի ոստիկանության իրավասու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ 2017-2018 թվականներին Հայաստանի տարածքում հայտնաբերվել է Ինտերպոլի գծով հետախուզվող 136 անձ, որոնցից 59-ը ձերբակալվել է, 9-ը արտահանձնվել: Մնացյալ անձանց նկատմամբ արտահանձնման ընթացակարգը կա՛մ շարունակվում է, կա՛մ, արտահանձնումը մերժվել է՝ Հայաստանի քաղաքացիությամբ պայմանավորված:

Մեր կողմից նաեւ հատուկ միջոցառումներ են անցկացվում Հայաստանի քաղաքացիների եւ ենթադրաբար հայազգի անձանց վերաբերյալ, որոնք հետախուզվում են այլ պետությունների կողմից: Այս պահին Հայաստանի 549 քաղաքացի կամ հայազգի անձ միջազգային հետախուզման մեջ է, 118-ը հետախուզվում է ազգային մակարդակով:

Ինտերպոլի գործունեությունը չի սահմանափակվում միայն անձանց հետախուզմամբ, սա ընդամենը մեկն է շատ այլ ուղղությունների թվում, որում աշխատանքի արդյունքներն առավել ակնհայտ են: Համատեղ աշխատանքն անցկացվում է թփմրանյութերի, զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների կանխման, կազմակերպված հանցավորության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի նպատակներով: Սահմանափակումներ չկան՝ բացառությամբ Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածով նախատեսվածից, որն արգելում է Ինտերպոլի ուղիների օգտագործումը քաղաքական, կրոնական, ռասայական եւ զինվորական բնույթի գործերով:

Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձեր է ձեռնարկում Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Վառ օրինակներից մեկը բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածն էր: Ինչպե՞ս է ԱԿԲ-ն հակազդում համանման փորձերին:

Ադրբեջանն իսկապես փորձում է Ինտերպոլի ուղիներն օգտագործել որոշակի քաղաքական խնդիրների լուծման համար, սակայն Ինտերպոլը լուրջ գործիքակազմ ունի նման կարգի մոտեցումների կանխման համար, կազմակերպության կառուցվածքում նաեւ գործում է հրաշալի կազմակերպված անկախ մարմին, որն Ինտերպոլի ուղիներով ստացվող բոլոր հարցումների իրավաբանական ուսումնասիրություն է կատարում: Մինչ օրս Ադրբեջանին չի հաջողվել Ինտերպոլի ուղիներն ինչ-որ կերպ օգտագործել, քանի որ նրանց բոլոր փորձերը ժամանակին կանխվել են: Մենք մեր կողմից նույնպես որոշակի քայլեր ենք ձեռնարկում: Կան անձանց հատուկ ցուցակներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը ենթադրաբար կարող է փորձել Ինտերպոլի ուղիներով հետախուզում հայտարարել՝ ելնելով իր քաղաքական նպատակներից, ինչի հետ կապված մենք պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում: Ինչ վերաբերում է Լապշինին, ապա նրա դեպքում Ադրբեջանը փորձեց օգտվել Կազմակերպության ուղիներից, սակայն դա տեղի չունեցավ: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց ԱՊՀ գծով, եւ սա միանգամայն այլ քաղաքական բնույթ ուներ:

Ինչպե՞ս եք գնահատում Ինտերպոլի շրջանակում համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ

Թուրքիայի հետ համագործակցությունը բավականին լավ է զարգանում: Դա մեր շահերից է բխում, որովհետեւ, ցավոք, Թուրքիայում ոչ միայն մեծաքանակ հայկական համայնք է բնակվում, այլեւ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ: Թվեր չեմ նշի, բայց վստահեցնում եմ, որ չկա այնպիսի շաբաթ, որ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ մի քանի հարցում չստանանք: Թուրքական կողմը բավականին պատրաստակամ է համագործակցության համար ընդհուպ մինչեւ այն, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալով՝ մենք անմիջականորեն Ինտերպոլի ուղիներով անձանց արտահանձնում ենք իրականացրել, ինչի կապակցությամբ կարելի է արձանագրել, որ Թուրքիայի հետ Ինտերպոլի ուղիներով համագործակցությունը առանց խնդիրների է իրականացվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ պատկերը բոլորովին այլ է, մենք փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, սակայն ապարդյուն, եւ դրանից մենք ոչ մի կերպ չենք տուժել: Միեւնույն է՝ մեր ընկալմամբ լիարժեք համագործակցության անհնար կլիներ հասնել, եւ նման մոտեցումը համարժեք պատասխանի է արժանանում:

Միջազգային ահաբեկչությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: ԱԿԲ-ն իր ներդրումն ունի՞ այդ երեւույթի դեմ պայքարում:

Սա ամբողջ համաշխարհային հանրության կարեւորագույն խնդիրներից է: ԱԿԲ-ի տրամադրության տակ են Գլխավոր քարտուղարության տվյալները եւ հակազդեցության նրանց հնարավորությունները, իսկ դրանք բավականին մեծ են: Կա տվյալների լուրջ բազա, եւ այն օգտագործվում է: Սակայն ահաբեկչությունը երեւույթ է, որն օր օրի փոխում է իր պատկերը, եւ ասել, որ մենք ապահովագրված ենք, չի կարելի: Անհրաժեշտ են բոլոր հնարավոր եւ անհնար քայլերը: Մեկ քայլ առաջ լինել:

Նոր Զելանդիայում վերջերս կատարված ահաբեկչության եւ զենքի վրա ի թիվս այլ գրությունների՝ հայերենով գրության կապակցությամբ երկրի իշխանությունները դիմե՞լ են Հայաստանին:

Գրությունները մեզ համար էլ են ուսումնասիրման առարկա: Դեռ պաշտոնական դիմում չի եղել, սակայն Նոր Զելանդիայի գործընկերներից նախնական ազդանշան ստացել ենք: Բնականաբար, դեռ վաղ է ինչ-որ բան հաստատելը, փորձաքննություն է պետք: Սակայն հնարավոր համագործակցության մասին ազդանշան եղել է, եւ կոնկրետ հարցերի ծագման դեպքում մենք ձեռնամուխ կլինենք ուսումնասիրմանը:

Արդյոք անցյալ տարի ԱԿԲ-ի կողմից առանձնապես հաջողված գործողություններ կատարվե՞լ են

Շատ բան մենք չենք հրապարակում լայն հասարակության համար, չենք զբաղվում սեփական PR-ով եւ դրա կարիքը չունենք: Կարեւոր եւ հետաքրքիր աշխատանք է կատարվում, բայց հաճախ դա տեսանելի չէ, եւ մենք չենք պատրաստվում փոխել մեր մոտեցումները: Բայց առանձնապես հետաքրքիր եւ կարեւոր գործեր, իհարկե, եղել են: Դրանց թվում է Թուրքիայի քաղաքացի Օքսուզի հայտնաբերումը: Մենք կարողացանք կանխել այդ կարգի անձի գործունեությունը: Նա արդեն արտահանձնվել է նրա նկատմամբ հետախուզում հայտարարած ԱՄՆ-ի իշխանություններին՝ քրեական հետապնդման համար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով շատ լուրջ աշխատանք է կատարվում ազգային իրավապահ մարմինների եւ օտարերկրյա գործընկերների համագործակցությամբ: Մի քանի ամիս Լեհաստանի տարածքում անցկացվել էր շատ հետաքրքիր ոստիկանական գործողություն, փորձ էր արվել թմրամիջոցների տարանցման համար միջազգային ուղի ստեղծել:

Մյուս կարեւոր ուղղությունը մշակութային արժեքների որոնումն է: Արդեն մի քանի տարի աշխատում ենք, փորձում ենք վերադարձնել Այվազովսկու նկարը: Կտավը գողացվել է 1992 թվականին Հայաստանում մասնավոր անձից եւ 25 տարի անց մեր կողմից հայտնաբերվել Լոնդոնի աճուրդում: Հուսով ենք, որ մեր աշխատանքը հաջողությամբ կպսակվի, եւ նկարը կվերադարձվի Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ