News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը բացվել է Նորվեգիայի հարավում, Լինեսնեսում։ Ինչպես տեղեկացրել է Nettavisen թերթը,  այն ստացել է Under անվանումը, որը թե՛ նորվեգերեն, թե՛ անգլերեն մատնանշում է նրա՝ ջրի տակ գտնվելու հանգամանքը։ Բացի այդ, անվանումը նորվեգերենից թարգմանաբար նշանակում է նաեւ «հրաշք»։

Ռեստորանը հիշեցնում է աստիճանաբար ջրի տակ անցնող ոչ մեծ թունել, իսկ նրա կոնստրուկցիան կարող է դիմանալ ուժեղ ալիքներին։ Այցելուների համար նախատեսված սեղանիկները գտնվում են 5,5 մետր ջրի տակ։

Մեկ անգամվա համար ռեստորանը կարող է տեղավորել 40 հյուրի, բոլոր տեղերը նախապես պատվիրված են արդեն ամիսներ առաջ։ Dagens Næringsliv թերթի տվյալներով՝ 2018 թվականի փետրվարին, երբ մինչեւ արտասովոր հաստատության բացումը մնացել էր 14 ամիս, սեղանիկները պատվիրել էր արդեն 1.2 հազար հյուր։ Իսկ ներկա պահին ռեստորանատերերը ստացել են 7,5 հազար հայտ։

Առայժմ սեղանիկ կարելի է պատվիրել միայն մայիսից մինչեւ սեպտեմբեր։ Ապրիլի սկզբին կպատվիրվեն հոկտեմբերի սեղանիկները, տեղեկացնում է Godt թերթը։

Նորվեգիայում ջրի տակ ռեստորան բացելու գաղափարը պատկանում է Սթիգու եւ Գութե Ուբոսթադ եղբայրներին։ Դրա կերակրացանկը կազմված կլինի 18-20 ճաշատեսակից։ Մասնավորապես, հյուրերը կարող են փորձել խեցգետիններ եւ լոբսթերներ, բայց, շեֆ-խոհարարի՝ դանիացի Նիկոլայ Պեդերսենի խոսքով, ռեստորանը չի նախատեսում միայն ծովամթերք մատուցել. այնտեղ կպատրաստեն տարբեր կերակրատեսակներ։

Under-ի միջին գնացուցակը, եղբայրների գնահատմամբ, կկազմի մոտ 2 հազար նորվեգական կրոն ( 200 եվրոյից մի փոքր ավելի), իսկ նրանք, ովքեր սեղան են պատվիրում, կվճարեն նաեւ նախապես պատվիրելու համար՝ մոտ մեկ հազար կրոն (200 եվրո), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ աշխարհում գոյություն ունի ստորջրյա 16 ռեստորան եւ ռեստորան-ակվարիում. Մալդիվներում (հինգ ռեստորան), Դուբայում, Իսրայելում, Չինաստանում (երկու ռեստորան), Բելգիայում, Հնդկաստանում, ՀԱՀ-ում, Մեքսիկայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում (երկու ռեստորան)։

Հիշեցնենք, որ Դուբայում, շքեղ ամառանոցում սկսել են կառուցել «Լողացող Վենետիկը»՝ 414 առանձնատներով, որոնք կգտնվեն չորս մակարդակներում, որոնցից մեկը՝ ջրի տակ։ Դրանց մոտ կեսը կզբաղեցնեն սպա-սրահները, մարզադահլիճները եւ խանութները։ Նախատեսվում է հյուրերին սպասասրահներից առանձնատներ տանել արհեստական ջրանցքներով, գոնդոլների օգնությամբ։ 680 միլիոն դոլար արժողությամբ վիթխարի նախագիծը կավարտվի 2021 թվականին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ