News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, մյուս կողմից նշում, որ 10 զոհերի սպանության գործը փակված է։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 10 զոհերի սպանության գործը փակված է: Երբ հայտարարում է, թե պարկուճները փոխվել են, եթե այդպես է, կարող է՝ դրանք տարել ու գցել են Հրազդանի ձորը: Այսինքն, երբեւէ հնարավոր չի լինի պարզել, թե ովքեր են եղել կրակողները»,–նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ հիմա մարտի են նետված Նաիրի Հունանյանից ոչնչով չտարբերվող մարդիկ. «Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ մարտի են դուրս եկել աբիժնիկները, նրանք են՝ Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիից հազիվ փախավ, եւ Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը, ի դեպ, ընտրակեղծարարների Ջեֆերսոնն է, կեղծիքների կնքահայրն ինքն է: ՀՀ-ում ամենաուժեղ կեղծիքները սկսվել են 1995 թվականից: Ինչ վերաբերում է Շիրխանյանին, ապա ասում են՝ երբ տարել են ռազմաճակատ ուղարկելու համար նախատեսված գումարները, դրել է գրպանն ու ասել՝ գրպանս կասա է: Համոզված եմ՝ Մարտի 1-ի ապացուցողական բազան լրիվ փոխվելու է: Նիկոլ Փաշինյանի պատվերով ստեղծված ՀՔԾ–ն շեղել է ամբողջ նախաքննությունը։ Բախումը եղել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց իրենց մտքում միայն բանակն է պետք ցույց տալ որ եղել է գործի մեջ, իրենց ոստիկանների թեման պետք չէ»։

Արամ Հարությունյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՔԾ–ն որդեգրել են «ժողովրդին մոլորեցնելու տակտիկա»։

Հիշեցնենք, որ օրերս հրավիրված մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1–ի 10 զոհերի մասով առանձին քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ պարկուճները փոխվել են. «Այսինքն՝ այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական մարմինների կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետեւ այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»:

Տպել
Ամենաշատ