News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից։

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը: 

Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և  նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը  ձևավորող մարմին է:

Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:

ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ